27/02/2015 13:43
Լևոն Զուրաբյանին Լենին պապիկ եք դարձրել. Վահրամ Բաղդասարյան
«Զավեշտ է ՀԱԿ-ի պահվածքը, նրանք արդեն անցել են վիրավորանքների»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա գնահատմամբ՝ ընդդիմության պահվածքը ոչ թե քաղաքական է, այլ՝ նրանք այնքան են ցածրացել, որ իջել են նման մակարդակի:
«Մենք իրենց հիվանդության դեղատոմսն արդեն առաջարկել ենք: Նրանք, երբ չեն կարողանում քաղաքական լեզվով պատասխանել, անցնում են վիրավորանքների: Մենք չենք իջնի նրանց մակարդակին: Տեղյակ ենք, թե ինչպես է հանրությունը վերաբերում Գալուստ Սահակյանին և թե ինչպիսի ինտելեկտ ունի նույն Գալուստ Սահակյանը»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ԱԺ-ում կաղալու մասին խոսքն առաջինը սկսեց հենց Լևոն Զուրաբյանը, իսկ իշխանություններն էլ հուշեցին, որ ընդդիմության կաղ լինելը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ դա մի հիվանդություն է, որից պետք է ձերբազատվել:
«Լևոն Զուրաբյանին Լենին պապիկ եք դարձրել, բայց եկեք լուրջ խոսենք: Մենք հայտարարեցինք, որ կաղալը ընդդիմության հիվանդությունն է և առաջարկեցինք դեղատոմս, որը թույլ կտա բուժել այդ հիվանդությունը: Ինչ վերաբերում է ռեժիմին, ասեմ, որ ներկայիս վիճակը բավականին կայուն է»,- հայտարարեց պատգամավորը: