27/02/2015 18:56
Կրտսեր սերժանտները մեղադրվում են զինվորին նվաստացնելու և ինքնասպանության հասցնելու համար
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Բաբկեն Գ.-ի ևԱրման Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Բաբկեն Գ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հատուկ նշանակության ջոկատի 3-րդ վաշտի ավագ հետախույզ, կոչումով կրտսեր սերժանտ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնակարգի համաձայն՝ զինվորական կոչման բերումով հանդիսանալով պետ, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լ. Մ.-ի նկատմամբ, տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ՝ սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է և այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը։
Բացի այդ, Բաբկեն Գ.-ն նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մ. Մ.-ի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։
Բաբկեն Գ.-ի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ս.-ի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո, 3-րդ վաշտի զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ. Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ. Մ.-ին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ. Մ.-ի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինս 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Ըստ Արման Ս.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հատուկ նշանակության ջոկատի 3-րդ վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնակարգի համաձայն՝ զինվորական կոչման բերումով հանդիսանալով պետ, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մ. Մ.-ի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ, այն է՝ երեկոյան «քուն» հրամանից հետո, 3-րդ վաշտի զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ. Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ. Մ.-ին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ. Մ.-ի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինս 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: