27/02/2015 16:09
ՀԱԿ-ը ԵՄ պետությունների դեսպանների հետ քննարկել է ներքին և արտաքին հարցեր
Այսօր Եվրամիության դեսպանատանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:
ՀԱԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, քաղաքական ընդդիմության հետագա անելիքներին և այլ հարցերի:
Դեսպանների խնդրանքով, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով, որից հետո հանգամանորեն պատասխանել նրանց հարցերին:
ՀԱԿ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը: