27/02/2015 15:06
Վահե Գրիգորյան. 24 տարվա մեջ ամենահակաժողովրդական դեպքը մարտի 1-ն է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից փաստաբան Վահե Գրիգորյանի համար Հայաստանում մինչ այժմ ամենահակաժողովրդավարական, խտրական և անարդար դեպքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն են: Այս մասին այսօր հարցազրույցի փուլի ընթացքում ասաց Վ. Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մինչ այդ որպես նման իրադարձություններ եղել են նախընտրական գործընթացները, որոնց շրջանակներում մարդկանց իրենց քաղաքական համոզմունքի հիման վրա խտրաբար հետապնդում էին, որն էլ հանգեցրել է ընդուպ մինչև 10 մարդու մահվան:
Նա, որպես խտրականության օրինակ, նշեց նաև նախագահական ընտրություններից հետո դիտորդների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման նկատմամբ սահմանափակումները:
Փաստաբանը, որպես անարադարության ամենադասական դրսևորում, նշեց Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերով դատարանների վերաբերմունքը:
Վահե Գրիգորյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ թե ինչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով իր այսօրվա պատրաստվածության մակարդակը:
Հարցին՝ իր նկատմամբ խտրական վարաբերմունք նկատե՞լ է, Վ. Գրիգորյանը պատասխանեց, որ այս մրցույթի ընթացքում չի նկատել նման բան, իսկ իր ունեցած մտահոգությունները բարձրացրել է իր կողմից ներկայացված դիմումի մեջ:
«Ընդհանուր առմամբ, այս մրցույթի հիմնական խնդիրը օբյեկտիվ, ավելի ճիշտ համակարգային բնույթ ունի, և այս հանձնաժողովն ի վիճակի չէ, իմ համոզմամբ, Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել հենց միայն այն պատճառով, որ գնահատման համակարգը թույլ չի տալիս դա անել»,-ասաց նա` նշելով, որ դա մրցութային հանձնաժողովի խնդիրը չէ, այլ դրա գործունեությունը կարգավորող հրամանագրի խնդիրն է:
Վ. Գրիգորյանը ասաց, որ մյուս խնդիրը, ըստ լրատվամիջոցների, թափանցիկության էական սահմանափակումն է, ինչը անընդունելի է, քանի որ չկա դրա որևէ հիմնավորում:
«Այսպիսի ցանկացած մրցույթի լեգիտիմությունը, թափանցիկությունը ու արդարությունը ուղղակիորեն ազդում է Եվրոպական դատարանի լեգիտիմության և հեղինակության վրա: Հույս ունեմ, որ հանձնաժողովը կհրապարակի այդ փաստաթղթերը»,- ասաց Վ. Գրիգորյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում ՄԻԵD վճիռների կատարմանը` նա ասաց, որ դրանք արդյունավետ կերպով չեն կատարվում:
«Այսօր ուրախությամբ տեղեկացա, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ ներկայացրել է «ad hoc» դատավորների թեկնածուների ցուցակը Եվրոպական դատարանի նախագահին, ինչը կարող էր անել դեռևս 11 տարի առաջ: «Ad hoc» դատավորի ինստիտուտը փոխարինում է մշտական գործող դատավորին այն դեպքերում, երբ նա ինչ-որ պատճառով չի կարող մասնակցել: Կան մի քանի գործեր, որոնցով Եվրոպական դատարանը պահանջել էր դատավորների թեկնածուներ, որովհետև Հայաստանից ընտրված դատավորը չէր մասնակցում ինչ-որ կոնկրետ պատճառներով, և ստիպված դատարանի կոնկրետ սեկցիայի նախագահը նշանակում էր այլ ցուցակներից»,-ասաց Վ. Գրիգորյանը: