27/02/2015 15:31
Ավետիսյանների սպանության գործով ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարին նորից պառկեց
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» Facebook-յան նախաձեռնության ակցիան սկսվեց միջադեպով:
Ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձեց կանգնել դատախազության շենքի մոտ, սակայն ոստիկանները, նրա ձեռքերից ու ոտքերից բռնելով, տեղափոխեցին դիմացի մայթ, որտեղ նա, «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաննների և գյումրեցիների խնդիրը չէ» գրությամբ պաստառով, պառկեց գետնին:
Նշենք, որ ակցիան սակավաթիվ է, և դրան չեն մասնակցում նույնիսկ Ավետիսյանների հարազատները, սակայն մեծ թվով ոստիկաններ կան:
Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն: