27/02/2015 17:38
Մեկնարկում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը
Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:
««Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը հայության պահանջն արվեստի լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոց է: Արվեստի գործերում Մեծ Եղեռնի արտացոլումը աշխարհին մեր պահանջը լսելի դարձնելու և մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու արժանապատիվ ճանապարհ է: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Չհիշելով, չպատմելով, դատապարտում չպահանջելով՝ մենք կկորցնենք մեր ինքնությունը, կդավաճանենք մեր էությանը ու նաև ազնիվ չենք լինի աշխարհի՝ ցեղասպանության զոհ դարձած կամ այդ վտանգի առջև կանգնած այլ ազգերի նկատմամբ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:
1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:
Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:
Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։ Ցուցադրությանն այցելեցին և աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ.
Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան
Արև Սամուելյան
Կարեն Աղամյան
Արմեն Գասպարյան
Կարո Վարդանյան
Անուշ Հակոբյան
Գագիկ Ղազարյան
Ռուբեն Արուտչյան
Երանուհի Մարգարյան
Հրանտ Թադևոսյան /Թաթոս/
Սվետլանա Պետրիկովա
Լուսիկ Ագուլեցի
Եղիշե Խերանյան
Տիգրան Արզումանյան
Հայկ Աղաբեկյան
Վերժինե Սվազլյան
Հակոբ Չոլակյան
Ջուլիետա Հակոբյան
Ռոբերտ Էլիբեկյան
Աննա Մնացականյան
Շահեն Խաչատրյան
Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում` համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման չափորոշիչների.
Տրված վավերագրերին համապատասխանությունը:
Աշխատանքի գեղարվեստական արժեքը /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/:
Ստեղծագործության համոզչականությունը:
Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության մեջ: Մեկ աշխատանք էլ` Նարեկ Կնյազյանի «Վերջինը» քանդակը, ստացավ «Հատուկ» կարգավիճակ: Հեղինակը կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: