27/02/2015 13:57
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
Վոլոդյա Ավետիսյանի գործը քաղաքական է, ոչ թե դատական, իսկ դատարանները այս գործի շրջանում հերթական անգամ ցույց տվեցին, որ արդարադատության փոխարեն կատարում են իշխանության պատվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենց Վճռաբեկ բողոքը ևս մերժվել է, ուստի իրենք, սպառելով ՀՀ-ում դատական բոլոր ատյանները, դիմելու են ՄԻԵԴ:
«Վ. Ավետիսյանի գործով որոշումը կայացվել է կոպիտ խախտումներով՝ հիմնվելով միայն տեսագրության վրա, և եթե նույնիսկ Վ. Ավետիսյանը կատարած լիներ այդ հանցագործությունը, ապա ակնհայտ խնդիր էր դրված հնարավորինս մեծ ցավ պատճառել նրա ընտանիքին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, Ա. Զաքարյանն պատասխանեց, որ «որևէ պաշտոնյա չի կարող ասել մի այնպիսի բան, որը իշխանությանը դեմ է լինելու, իսկ Վ. Ավետիսյանից բացի ՀՀ-ում կան նաև այլ քաղբանտարկյալներ»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Գագիկ Սարուխանյանը ևս ասաց, որ ՀՀ-ում ունենք Վ. Ավետիսյանի բացի նաև այլ քաղբանտարկյալներ, օրինակ, Հայկ Կյուրեղյանը, որի արարքը նորմալ երկրում տուգանքի արժանի գործողություն է:
Գ. Սարուխանյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկից Վ. Ավետիսյանի հայտարարությունը, որտեղ նա դիմում է իր մարտական ընկերներին.
«Վերից խանը հրամայել է, բոլորը օրենքները բերում են այդ գործի տակ ու քողարկում: Եթե անգամ Վոլոդյա Ավետիսյանը կատարել է այդ հանցագործությունը, ապա դա դատարանում չի ապացուցվել: Մենք անցյալում կեղտոտված չենք այսօրվա ռեժիմի հետ համագործակցելու համար: Գնանք Վոլոդյայի տուն, կտեսնենք՝ արդյոք դա կաշառակե՞րի տուն է ու գնանք այսօրվա օլիգարխների տուն»:
Հարցին՝ Վոլոդյա Ավետիսյանը վտա՞նգ էր ներկայացնում ՀՀ իշխանությունների համար, Գ. Սարուխանյանը ասաց, որ վտանգ չէր ներկայացնում, սակայն, երբ Վոլոդյա Ավետիսյանը սկսեց նստացույցը, ազատամարտիկների աննախադեպ հոսք սկսվեց դեպի Ազատության հրապարակ, և դա նշանակում էր, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է դառնալ անկառավարելի շարժման առաջնորդ: