27/02/2015 18:35
ԵՄ դեսպանները հանդիպել են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում Հովհաննիսյանը և եվրոպացի դիվանագետները կարևորել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության և երկխոսության ամրապնդումը:
Անդրադարձ է եղել մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին:
Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման մեծ ներուժ ունի: