27/02/2015 19:05
Րաֆֆի Հովհաննիսյան. Մի սուրբ մարդ ինձ զանգահարեց
Մի սուրբ մարդ ինձ զանգահարեց մի քանի օր առաջ ու ասաց, որ պետք է հայ ժողովրդից ամաչել: Եթե չամաչես, դու ունակ ես ցանկացած բռնության և այլանդակության: Այսօր Ազատության հրապարակում կայացած բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե այս խոսքն այսօր ուղղում է իր ընկեր, իր ծանոթ, աչքերի մեջ նայած բարեկամ, ոստիկանապետ Վլադմիրի Գասպարյանին:
«Պետք է ամաչել ժողովրդից: Պատրաստվեցվեք այդ ամաչմանը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում հավելեց, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը լինելու է Լոռու մարզում, իսկ մարտի մեկին մեկնելու են Տավուշի մարզ: Ինչ վերաբերում է հանրահավաքին, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ այն կուսակցականները, ովքեր չեն մեկնում մարզեր, կարող են մասնակցել:
«Երբ մենք մարտի 1-ին եղել ենք Երևանում, մշտապես ներկա ենք եղել և հիմա էլ կոչ ենք անում բոլորիդ ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին: Իսկ մենք մարտի 1-ի զոհերի առջև կխոնարհվենք հենց սահմանում»,- ասաց նա:
Ի դեպ՝ «Ժառանգությունը» պատրաստվում է հաջորդ ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, կրկին հավաքվել Ազատության հրապարակում: Նա հույս հայտնեց, որ հաջորդ ուրբաթ Ազատությունը կլինի միասնության հրապարակ: Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ իրենք արդեն հանդիպումներ են ունեցել այլ քաղաքական ուժերի հետ, սակայն դեռ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա նրանց միջև:
«Ինձ թվում է, որ շատ մարդիկ զգում են պահի լրջությունը և այդ հանդիպումները առաջիկայում ևս կշարունակվեն»:
Նա նշեց նաև, որ մարտի 2-ին մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին, ներկայացնելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի բանձաձև, որին բարեբախտաբար, միացել են նաև ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը. «Շնորհակալ եմ, որ մեկ անգամ հանդես ենք գալիս միասնական մեկ բանաձևով»: