28/02/2015 10:42
Վաղը Մեծ Պահքի Անառակի կիրակին է
Հայ Առաքելական եկեղեցին հավատացյալների համար սահմանել է ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի` համապատասխան Աստվածաշնչի որևէ պատմության: Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի. ըստ Ս. Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով իր ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից:
Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով` գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Հայտնվելով դժվար դրության մեջ` նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Տեսնելով որդու զղջումը՝ հայրն ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել:
Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ ով մեռած էր` կենդանացավ: Ավագ և կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին:
Առակը նաև հետևյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում. ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին և կոչվում է միջինք: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրր բաղարջից պահոց գաթա են պատրաստում: