28/02/2015 17:26
Իսկ ո՞վ ասաց, թե Գագիկ Ծառուկյանը հեռացել է. Գուրգեն Եղիազարյան
Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպված քննարկումների մասին ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀԱԿ անդամ, ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը ոչ տեղյակ է, ոչ էլ պատրաստվում է մասնակցել դրանց: Իսկ մարտիմեկյան հանրահավաքի կապակցությամբ, ի տարբերություն Ժողովրդավարական հայենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի՝ Գ. Եղիազայանը գտնում է, որ ոչ թե պետք է, այլ պարտադիր է մասնակցել:
«Ճիշտն ասած՝ քննարկումներին մասնակցելու հրավեր չեմ ստացել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ կտան մեզ այդ քննարկումները և արդյո՞ք կհաջողի դրանց արդյունքում ձևավորել նոր, արմատապես փոփոխված ընդդիմություն, Գ. Եղիազարյանը հավելեց. «Ընդդիմադիր դաշտում ուզում են ուղղակի որոշ մարդկանց տեղափոխել: Այլ բան չեմ տեսնում: Սա շատ հայտնի պատմություն է: Ես Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդդիմության ամուսնություններից, բաժանումներից օգտվում է միայն Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:
Եղիազարյանը դժվարանում է ասել, թե ինչպիսի զարգացումներ են նախատեսվում առաջիկայում քաղաքական օրակարգում, բայց այն, որ նոր ընդդիմություն ձևավոևելու անհրաժեշտություն չկա, դա ակնհայտ է: Նրա խոսքով՝ այսօր էլ ընդդիմությունն կա, որը աշխատում է ու պետք է աշխատի.
«Մեզ պետք է, որպեսզի Հայաստանը չկործանվի: Հետևաբար ընդդիմությունը պետք է հասնի հաղթանակի»,- հավելեց նա: Մեր հարցին՝ ո՞ւմ եք տեսնում նոր ընդդիմության լիդեր, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Ընդդիմությունն այսօր էլ կա, գործում է և չի հեռացել: Նա ոչ մի տեղ չի գնա»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ իսկ ո՞վ է ընդդիմությունն ըստ ձեզ, որ չի հեռացել և չի պատրաստվում հեռանալ, Եղիազարյանը հավելեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը»:
Մեր դիտարկմանը՝ կարծիք կա, որ նրանք այսօր այլևս ընդդիմության մաս չեն կազմում, չեն էլ աշխատում՝ Եղիազարյանը հակադարձեց. «Ո՞վ ասաց, որ չեն աշխատում: Իրե՞նք են ասել, որ հեռանում են քաղաքականությունից: Գագիկ Ծառուկյա՞նն է ասել, որ հեռանում է քաղաքականությունից և չի աշխատում: Գագիկ Ծառուկյանը դեռ ոչ մի բան էլ չի հայտարարել, և չի ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ միշտ ուղիղ դրա մասին հայտարարել է»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը Գ, Եղիազարյանը նախ նկատեց, որ սա նորություն չէ, իսկ հետո ավելացրեց. «Մենք մի գործով միասին նստել ենք և ես անհարկի եմ համարում անդրադառնալ Նիկոլին»,- ասաց նա: