28/02/2015 12:56
Վ. Հարությունյան. Հայաստանն ունի տարածաշրջանում ամենահզոր հակաօդային պաշտպանության համակարգ
Երբ մենք բարձրաձայնում ենք Եվրասիական տնտեսական միության անվտանգության հարցը, պետք է հստակ գիտակցենք, որ երաշխավորը հանդիսանում է ՀԱՊԿ-ը: Այսօր ՀԱՊԿ-ի գործունեությունն ու արդյունավետությունը շատ է հարցականի տակ առնվում, նաև քննադատվում, թե արդյոք այն կարող է երաշխավոր լինել, բայց այդ ամենը տեղեկատվական պատերազմի հետևանք է, որի նպատակն է խարխլել վստահությունը դեպի այդ կառույցը: Այս մասին «Գլոբալ մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Շատ են հարցականները այս կառույցի վերաբերյալ, բայց ես միշտ հիշեցնում եմ, որ ՀԱՊԿ-ը իր գործառույթները կարող է կյանքի կոչել միայն ռազմական ագրեսիայի ժամանակ: Իսկ ագրեսիան բոլորովին այն չէ, թե ինչ է քո մասին խոսում կամ հայտարարում հարևանդ: Ագրեսիան այն է, երբ այլ պետության զինված ուժերը հարձակվում են և գրավում են տարածք: Բարեբախտաբար, մեզ մոտ նման բան չի եղել` ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում: Դեռ մի բան էլ հակառակ` մեզ են մեղադրում տարածքներ գրավելու համար»,- նշեց նախկին նախարարը:
Բանախոսի խոսքով` ՀՀ pաշտպանության նախարարն էլ բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին չեն դիմել, քանի որ մեր զինված ուժերի ներուժը բավարար է կանխարգելելու համար ցանկացած ոտնձգություն: Այնպես որ, երբ նման հայտարարություններ ենք կարդում կամ լսում, պետք է հստակ գիտակցենք, որ այդ ամենը ինչ-ինչ նպատակներով է արվում ու տեղավորվում տեղեկատվական պատերազմի տրամաբանության մեջ:
«Հայաստանն ունի տարածաշրջանում ամենահզոր հակաօդային պաշտպանության համակարգ, անգամ ավելի հզոր, քան Թուրքիայում, քանի որ մենք ունենք սուպեր ժամանակակից համակարգեր, որոնք ունակ են ոչնչացնել ցանկացած քանակությամբ ավիացիա` ցանկացած բարձրության ու արագության վրա: Այսինքն` Հայաստանը երաշխավորված, ապահովված է, և դա շնորհիվ այն հանգամանքի, որ Ռուսաստանի ՀՕՊ արտադրանքը ամենալավն է»,- նշեց Վ.Հարությունյանը:
Հավելելով իր խոսքը` նա նշեց, որ ԵՏՄ երկրների անվտանգությունը երաշխավորված է և չկա աշխարհում մի պետություն, որ կարող է մեզ պատերազմ հայտարարել:
«Մենք պաշտպանված ենք գլոբալ մարտահրավերներից և այդ գիտակցումը ստեղծում է բարենպաստ պայմաններ տնտեսական դաշտում արդյունավետ համագործակցության համար: ԵՏՄ անդամ երկրները ունեն հզոր տնտեսական ներուժ և եթե մենք կարողանանք ճիշտ կարգավորել մեր գործունեությունը տարբեր ոլորտներում, ապա մենք ունենք զարգացման բոլոր ռեսուրսները»,- հավելեց նա:
Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը` Եվրասիական փորձագիտական ակումբի շրջանակներում: