28/02/2015 16:28
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Բեռլինում
«Ով է խոսում այսօր հայերի կոտորոծաների մասին»,- Հիտլերի հայտնի այս խոսքերը երեկ Բեռլինի խորհրդարանում մեջբերեց Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր Յուլիոս Շյոփսը՝ հիշեցնելով, որ Հիտլերն այս խոսքերն արտաբերել է, երբ երկրորդ աշխարհամարտի սկզբում հրամայել է գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարությանը անխնա սպանել լեհերին: Այս մասին Բեռլինից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Գերմանցի պրոֆեսորը հրավիրվել էր Բեռլինի խորհրդարան` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալու: Փետրվարի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատունն ու Բեռլինի հայ համայնքը կազմակերպել էին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Գերմանիայի Արտգործնախարարության ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Բեռլինի խոհրդարանի պատգամավորներ:
«Հայոց Ցեղապանության ճանաչումն ու դատապարտումը կկասեցնեն մարդկության դեմ ուղղված նման ոճարագործությունների կրկնությունն ապագայում», - այս մասին իր ելույթում նշեց Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Վերջինս նկատեց, որ Բունդեսթագը մինչ օրս խուսափում է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթն օգտագործել:
Սմբատյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ նման հանցագործության անպատժելիությունն այսօր հանգեցնում է անհանդուրժողականության այնպիսի դրսևորման, ինչպիսին, օրինակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումն էր, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։
Սմբատյանը, հիշեցրեց, որ մինչ օրս միայն Բրանդենբուրգ դաշնային երկրամասն է Հայոց ցեղասպանության փաստը ներառել դպրոցական դասագրքերում, ինչը օրիանակ կարող է դառնալ դաշնային մյուս երկրամասերի համար, որոնք որոշակի զգուշավորություն են ցուցաբերում` պայմանավորված թուրքական գործոնով:
Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդն իր կողմից նշեց, որ գերմանական հասարակությունը, ցավոք, այդքան էլ տեղեկացված չէ, հատկապես, որ ժամանակին կայսերական Գերմանիան սատարել է երիտթուրքական իշխանություններին` վերջիններիս հետ կիսելով պատմական պատասխանատվությունը: Վիլանդը շեշտեց, որ Գերմանիայի Արտգործնախարարության արխիվները բաց են գիտական հետազոտությունների համար:
Բացի քաղաքական տեքստերից` ծրագրում հնչեցին ջութկահար Սերգեյ Խաչատրյանի, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի և սաքսաֆոնահար Կորյուն Աատրյանի կատարումները:
Նյութը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: