28/02/2015 09:22
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձրել են եկամտի աղբյուր. «Առավոտ»
«Առավոտն» անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը հանդիսացող անմոռուկի տեսքով պատրաստվող ու վաճառվող զանազան իրերին և նշել է, որ թեև զգուշացմանը, շարունակում են ահազանգեր ստացվել այն մասին, որ անմոռուկի լոգոտիպով տարբեր առարկաների արտադրություն է կազմակերպվում: «Սոցիալական ցանցերում հանգիստ չեն տալիս այն հայտարարությունները, որ վաճառվում ենք այդ լոգոտիպով տարբեր ապրանքներ՝ նույնիսկ բանալու կախազարդեր, կամ սոցցանցերում 3500 դրամով վաճառում են անմոռուկ կրծքանշան», -գրել է թերթը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապայանը «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն է հայտնել, թե ստեղծվել է «անպարկեշտ իրավիճակ» ու մասնավորեցրել. «Որոշ մարդիկ և մարդկային խմբեր սկսել են փող աշխատել մարդկային այս ողբերգության վրա, տառապանքի հիշողության վրա: Կարելի է ունենալ ոգեկոչման հիշատակի տարբեր նշաններ, անգամ վաճառել, բայց պետք է հստակ թափանցիկ լինի, պետք է իմանանք՝ ով է վաճառում, ուր է այդ գումարը»: Ըստ Արա Պապայանի՝ այժմ հայաստանյան իրականության մեջ ականատես ենք լինում «Հոլոքոստի արտադրություն» երևույթին, երբ ողբերգությունը վերածվում է արտադրության և եկամուտ է տալիս:
Վերոնշյալ խնդրով զբաղվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակը, որի տնօրեները՝ Արմեն Ծատուրյանը, թերթի հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «ԱԱԾ-ի միջոցով կասեցնում ենք buy.am-ում, սոցիալական ցանցերում վաճառքը: Մյուս կողմից՝ շատ են կազմակերպություններ, որոնք ուզում են արտարդրություն կազմակերպել, և նրանց թույլտվություն ենք տալիս: Նախ՝ պետք է հասկանանք, թե ինչ են ուզում արտադրել, ինչ գնով ու որակով: Ամոթ այն հայերին, որ փորձում են եկամուտ ստանալ թեմայով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: