28/02/2015 12:30
Ի՞նչ են հուշում ԲՀԿ-ական պատգամավորների Facebook-յան գրառումներն ու հայտարարությունները
Մարտի 5-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարին սպասելիս ամենակարևոր զբաղմունքը դարձել է կանխատեսումներ անելը ու գուշակելը, թե ԲՀԿ-ականներից ով, ինչպես կվարվի այս կամ այն սցենարի զարգացման դեպքում:
Կարծես թե, որևէ մեկի համար կասկածի տեղիք չի տալիս այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն առաջին անգամ իր պատմության մեջ կուսակցության ղեկավար է փոխելու, ընտրելու մեկ այլ անձի, ինչը թերևս տրամաբանական է քաղաքական վերջին զարգացումների ֆոնին: Բայց ինչպես կարելի է հասկանալ որոշ գործիչների գրառումներից ու հայտարարություններից, իսկ որոշ դեպքերում նաև նեղացկոտ լռելուց` տրամաբանական չէ դեռևս կուսակցությունում մնացած անձանց համար:
Օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, ով չնայած իր երիտասաարդ տարիքին արդեն բազմաթիվ կուսակցական ճամբարներ է փոխել, կարծես թե այժմ էլ պատրաստվում է նման որոշում ընդունել: Ամեն դեպքում նրա Facebook-յան գրառումը հուշում է երկու զարգացման հնարավորություն. կամ Վ. Բաբայանը չի դավաճանի ինքն իրեն ու այս անգամ էլ կգերադասի փոխել կուսակցությունը, կամ կընդունի խաղի նոր կանոնները, որոնք անշուշտ կլինեն լիդերի փոփոխման տրամաբանությունից ելնելով` այդպիսով պահպանելով պատգամավորի մանդատը: Ի վերջո, Շարլ-Մորիս Թալեյրանից` «Եթե ուզում ես տանես մարդկանց դեպի մահ` ասա, որ տանում ես նրանց դեպի փառք» (Если хочешь вести людей на смерть, скажи им, что ведешь их к славе) մեջբերումը հենց այնպես չէ, որ գրվել է ու գրվել է հենց այս պահին, երբ խոսվում է, որ Ծառուկյանին փոխարինելու է գալու Նաիրա Զոհրաբյանը:
Խոսակցություններն այն մասին, որ Ն. Զոհրաբյանի` կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու հավանականությունը շատ ԲՀԿ-ական տղամարդկանց սրտով չէ, շրջանառվում են այն պահից սկսած, ինչ այդ հեռանկարի մասին բարձրաձայնվեց: Հայտնի է, որ Վարդան Օսկանյանն է առաջիկա օրերին հրաժարվելու է մանդատից ու առհասարակ հեռանալու քաղաքականությունից, ուր նրան, մեղմ ասած, «զոռով էին» վերադարձրել` «հայտնի անձի վերադարձին սպասելիս» օպերացիայի շրջանակում: Փաստացի, Ն. Զոհրաբյանի դիրքերը ավելի են ամրապնդվում, քանի որ դժվար է գտնել մեկ այլ կուսակցականի, որ նման ժողովրդականություն վայելի, ինչպես նա:
Եվ ահա դրա ֆոնին թերևս զարմանալիորեն, բայց Տիգրան Ուրիխանյանը չբացառեց, որ հնարավոր է հրաժարվի ԲՀԿ խոսնակի իր պարտականություններից, մեկ այլ լուրերի համաձայն էլ` ընդհանրապես լքի կուսակցությունը: Դժվար թե ինչ-որ մեկը այս երկու տեղեկությունները իրար չկապեր ու չփորձեր մեկնաբանել, որ Ուրիխանյանի հեռանալու պատճառը (եթե նա իսկապես հեռանա) հենց այդ գլոբալ փոփոխությունն է, որ գուցեև սպասվում է համագումարի արդյունքներով: Իսկ գուցե և ոչ` ի՞նչ իմանանք:
Թեև չմոռանանք` «քաղաքականությունը հուշում է, բայց չի պարտադրում»….