28/02/2015 14:14
«Կասեցումը» «ոչ էական» առաջարկներ ունի կառավարությանն ու Ազգային ժողովին
«Մենք նորից կխնդրենք կառավարությանը, որ այս 5 տոկոսը վերանայվի ու դարձվի 3.5 տոկոս և ոչ թե եռամսյակը մեկ փաստաթղթաշրջանառությունը ներկայացվի, այլ 6 ամիսը մեկ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը` անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում Կառավարության կողմից առաջարկված վերջին փոփոխություններին:
Ս.Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկում են շրջանառության հարկի 1 տոկոս և 3.5 տոկոսի ընտրովի տարբերակը, որովհետև մի քանի տարի այդ դրույքով աշխատելը ցույց է տվել, որ այդ տոկոսադրույքը հարմար է բիզնեսի համար:
«Մենք մտադիր ենք կառավարությանն ու խորհրդարանին լսելի դարձնել այս առաջարկները, որոնք իրականում էական չեն»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, օրենքի փոփոխություններով նախատեսվում է ԱԱՀ շեմը 58.35 մլն-ի փոխարեն սահմանվել է 113.4 մլն` նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի: Բացի այդ, նախատեսվում է ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ, ըստ որի առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 %, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4% տոկոսի չափով: Սակայն, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1.5 %-ից: