28/02/2015 13:48
«ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղափոխումը Ստամբուլ վտանգավոր է ՀՀ-ի համար»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավիայից Ստամբուլ տեղափոխումը Հայաստանի նկատմամբ ոչ միայն անարդարացի վերաբերմունք է, այլև՝ վտանգավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան, Կարինե Դանիելյանը:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասաց, որ այս դեպքում ՄԱԿ-ի հետ աշխատանքները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն իրենց համար:
Դաշինքի անդամները հայտնեցին, որ իրենք այս անհամաձայնության վերաբերյալ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
«Մենք կրկին բարձրաձայնել ենք Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիայի՝ Հայաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններ չունենալու հարցը, բացի այդ ուսումնասիրել ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և պարզել, որ այդ երկիրը չի համապատասխանում այն չափանիշներին, որ անհրաժեշտ է ունենա ՄԱԿ-ի կառույցները տեղակայող պետությունը»,- ասաց Կ. Դանիելյանը:
Նրա խոսքով՝ սկզբում Հայաստանի իշխանությունները շատ նուրբ էին վերաբերում այս հարցին, ինչը կապված էր հայ-թուրքական արաձանագրություների հետ, բայց հիմա իրավիճակը խիստ փոխվել է:
Կ. Դանիելյանը ասաց նաև, որ այս հարցում որոշակի առաջընթաց իրենք արդեն գրանցել են, քանի որ ՄԱԿ-ից իրենց տեղեկացրել են, որ հայկական կողմը Ստամբուլի հետ չի աշխատի, այլ կաշխատի անմիջապես Նյու Յորքի հետ: