28/02/2015 16:00
Մանաթի արժեզրկումը կազդի Ադրբեջանի իշխանությունների հանդեպ վստահության աստիճանի վրա
Fitch վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ ադրբեջանական մանաթի արժեզրկումը կվնասի բանկերի կապիտալիզացիային:
Բանկերը մեծ թվով արտարժույթով վարկեր են տրամադրել և կարճաժամկետ արտարժույթի հիփոթեքի հարցում կորուստներ են արձանագրելու:
Այլ կերպ ասած, մանաթի արժեզրկումը բացասաբար է ազդելու բանկերի կապիտալիզացիայի վրա: Տնտեսության և բանկային հաշվեկշիռներում դոլարիզացման ամրապնդումը նշանակում է, որ արժույթային ռիսկերը ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ հեռանկարում են լինելու:
«Մանաթի կտրուկ արզեզրկումը կազդի իշխանությունների հանդեպ վստահության աստիճանի վրա»,- նշել է միջազգային վարկանիշային գործակալությունը:
Moody’s Investors Service-ն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի բանկերը բախվում են ակտիվների որակին առնչվող ռիսկերի՝ այն բանից հետո, երբ նախկին Խորհրդային Միության մեծությամբ երրորդ նավթ արտադրողը արժեզրկել է իր արժույթը։
Ավելի վաղ, Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Ադրբեջանի միջազգային վարկային վարկանիշը ВВВ- ներդրումային մակարդակի վրա՝ բացասական կանխատեսմամբ: S&P-ն բացասական կանխատեսումը բացատրում է նրանով, որ եթե Ադրբեջանը կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի, աշխարհում նավթի կտրուկ էժանացումը կարող է հանգեցնել երկրի ներկայիս ֆիսկալ և արտաքին դիրքի հնարավոր թուլացման:
Bloomberg պարբերականն էլ նշել է, որ նախկին խորհրդային հանրապետության տնտեսությունը դանդաղել է, քանի որ անցյալ տարվա համեմատ նավթի գները նվազել են 45 տոկոսով:
Ադրբեջանական մի շարք աղբյուրների տեղեկացմամբ` նավթի գների կտրուկ անկման պատճառով Ադրբեջանն այլևս չի կարող պահպանել մանաթի բարձր փոխարժեքը դոլարի նկատմամբ: Արդյունքում Ադրբեջանի բանկերում և փոխանակման կետերում հերթեր են առաջացել. մարդիկ շտապում են ազատվել մանաթից և արտարժույթ գնել: Ավելի նշվում է, որ Բաքվի բազմաթիվ փոխանակման կետերում արտարժույթ չի մնացել: Մի շարք բանկեր դադարեցրել են արտարժույթի վաճառքը բնակչությանը:
Haqqin.az, Vz.ru-ի փոխանցմամբ էլ, Ադրբեջանի բնակչությունը խանութներից «սրբել է» առաջին անհրաժեշտության ապրանքները: Առավել ապահովված ադրբեջանցիները շտապել են էլեկտրոնիկայի խանութներ, որոնք դեռ չէին հասցրել վերանայել գները: Սակայն ժամեր անց խանութների մեծ մասը փակվել են:
Հաջորդ օրը վերաբացված խանութներում ադրբեջանցիները այլ գներ են նկատել: Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների գները միջինում բարձրացել են 25-30 տոկոսով: Ներկվող ապրանքների մեծ մասը թանկացել է մոտ 40 տոկոսով: