28/02/2015 15:06
Մակեյան. Մարտի 1-ի հանրահավաքներն անիմաստ են. դրա նախաձեռնողներն ուրացել են այն
Երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որն իսկապես պետք է ամեն ինչ փոխվել: Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում նոր ընդդիմություն ձևավորելու շուրջ, որի առթիվ կազմակերպվում են տարբեր քննարկումներ, տեղի են ունենում տարբեր ֆորմատներով հանդիպումներ: Քննարկումների հրավերներ է ուղարկում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Քաղաքական ակտիվ քննարկումներից անմասն չէ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» նախագիծը:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ նոր ընդդիմության ձևավորումը դարձել է պահի հրամայական, որի շնորհիվ պետք է ձևավորել նոր քաղաքական հարթակ, որը վերջապես կկարողանա հասնել իշխանափոխության: Թե ով կլինի նոր ընդդիմության առաջանորդը, Պետրոս Մակեյանը դժավարանում է ասել, իսկ քննարկվող երկու բեռվեռների մասին նա գտնում է, որ դեռ վաղ է խոսել: Պ. Մակեյանն ասաց, որ մասնակցում է Հայրիկյանի կողմից կազմակերպված խորհրդակցություններին, եղել են անգամ բանակցություններ, բայց դեռ հստակ որոշում կուսակցությունը չի կայացրել:
«Խորհրդատվական քննարկումներ են ընթանում նոր բևեռի ձևավորման շուրջ, որը պետք է լինի նպատակային: Փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է ներքաղաքական նոր օրակարգ ձևավորել, որով կարելի լինի ներքաղաքական իրավիճակը փոփոխել»,- ասաց նա:
Պ. Մակեյանի համոզմամբ, այնուամենայնիվ, ընթացող այդ քննարկումներն ինչ-որ հանգրվանի կհանգեցնեն: «Իհարկե, ինչ-որ արդյունք կտան, բայց թե ինչ որակով, չեմ կարող ասել»,- հավելեց նա:
Գալով ներքաղաքական վերջին զարգացումներին՝ Պ. Մակեյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ պահի փորձեց շեղվել գործընթացից, և ինքնուրույն գործել, որի համար նման «ճակատագրի» արժանացավ: Նրա խոսքով՝ թեև ԲՀԿ-ն տապալվեց, բայց այդ ուժը կմնա քաղաքական դաշտում. «ԲՀԿ-ն պահելու են և այն էլ ընդդիմադիր դաշտում»:
Թե ով կլինի ԲՀԿ նոր առաջանորդը, Պ. Մակեյանը դժավարանում է ասել: Նրա համար այդ հարցը էական հետաքրքրություն էլ չունի: Էականն այստեղ այն է, որ ԲՀԿ-ն այսուհետ էլ շարունակելու է իշխանության ջրաղացին ջուր լցնել: «Այն կսպասարկի իշխանության շահերը: Եթե իրավիճակը ԲՀԿ-ում տանում է կազմալուծման ու կուսակցության ներսում փոփոխություններ են տեղի ունենում, դա նշանակում է, որ այդ ուժը սպասարկելու է միայն ու միայն իշխանություններին, և կապ չունի, թե ով կլինի այդ ուժի ղեկավարը, կին, թե տղամարդ»,- հավելեց նա:
Անդրադառնալով մարտիմեկյան «հուժկու» հանրահավաքին՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը նախ նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ կուսակցությունն այդ հանրահավաքին չի մասնակցում, իսկ հետո հավելեց, որ այս տարի ևս չեն պատրաստվում մասնակցել.
«Մարտի մեկի հանրահավաքներն այլևս անիմաստ են դարձել, քանի որ դրա նախաձեռնողներն ուրացել են այն: Մենք 2011 թվականին, մարտի մեկի հետ կապված համագործակցեցինք, բայց նախաձեռնողները սկսեցին համագործակցել Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ իսկ պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ չենք մասնակցում այդ հանրահավաքին»,- հավելեց նա: