28/02/2015 11:07
Սաակաշվիլի. Նեմցովն ասում էր, որ Պուտինն ապրում է հասկացություններով ու իրեն դժվար թե բանտարկեն
«Վերջին անգամ Բորիս Նեմցովին հանդիպել եմ մի քանի օր առաջ Կիևում, Ֆերմոնտ հյուրանոցում: Մենք ճաշեցինք ու նա պատմեց ինձ մարշի մասին, որը ծրագրում էր համախոհների հետ անցկացնել Մոսկվայում: Շատ բնական է, որ ես հարցրեցի նրան` չի՞ վախենում արդյոք իր անվտանգության համար , գտնվելով Ռուսաստանում, այն էլ հիմա: Իսկ նա պատասխանեց, որ Պուտինն ապրում է հասկացություններով ու իրեն, իբրև նախկին պաշտոնյայի, դժվար թե երկարաժամկետ բանտարկեն: Ես ընդհատեցի նրան, ասացի, որ ավելի շատ ինքը պետք է վախենա կարմիր գինու գավաթի մեջ թույնից, քան ձերբակալությունից, բայց տեսնելով նրա դեմքի արտահայտությունը հասկացա, որ կատակս տեղին չէր»,- Facebook-յան իր էջում անդրադառնալով ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը՝ գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքով` իրենք դեռ երկար զորւցեցին այն մասին, թե ինչ ավարտի կհասնի Պուտինը և համակարծիք եղել, որ Պուտինի ու Միլոշևիչի պահվածքի միջև շատ զուգահեռներ կան` վերջինիս էլ պատերազմը դարձրեց այդքան ճանաչված, բայց և ոչնչացրեց: Եվ ահա այսօր, լսելով Նեմցովի սպանության մասին լուրը Սաակաշվիլին հիշել է, որ Միլոշևիչի օրոք էլ հենց այսպես էին սպանում ընդդիմադիրների.
«Բորյա Նեմցովը շատ խիզախ մարդ էր, նույնիսկ չափից դուրս: Նրա հետ կարելի էր վիճել ու չհամաձայնել, բայց անհնար էր մնալ անտարբեր: Ես ճանաչում եմ նրան 90-ականների կեսերից, մենք հաճախ էինք շփվում` հատկապես վերջին տարիներին: Կյանքից հեռացավ այլ ժողովուրդների ընկերը ու միաժամանակ Ռուսաստանի իսկական հայրենասերը, այն երկրի շատ հետաքրքիր մի մարդ, որը կառավարում են չարացած միջակությունները: Շատ ափսոս…»,- մասնավորապես գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել են նախօրեին ուշ երեկոյան Մոսկվայի կենտրոնում, երբ նա զբոսնում էր ընկերուհու հետ: Մահը վրա է հասել կրակոցներից, մեքենան, որից հանցագործը կրակել է, դեռևս չի հայտնաբերվել: