28/02/2015 15:25
Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել հինգերորդ բանակային զորամիավորման զորամասերում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին:
Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին:
Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ:
Դիմելով սպաներին և զինվորներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է մշտապես գիտակցաբար և պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը, քանի որ յուրանքանչյուրի անհատական հատկանիշների հանրագումարից է ձևավորվում զինված ուժերի մարտունակությունը: