28/02/2015 16:51
Հայաստանում կարող է և հնարավոր է չլինեն մանկատներ. Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Նախօրեին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նախարար Ասատրյանն ու և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը ստորագրել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման հուշագիրը:
Իր խոսքում նախարարը նշել է, որ հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր բարեփոխումների մեկնարկ է ազդարարվում մեկ գլխավոր նպատակով՝ «Երեխան պետք էապրի ընտանիքում»: Ըստ նախարարի` նպատակն իրագործելու հստակ ճանապարհը այլընտրանքային ծառայությունների՝ խնամքի, սոցիալ-վերականգնողական և այլ կենտրոնների ստեղծումն է, որոնք հնարավորություն կտան երեխային պահել ընտանիքում: Որքան էլ հաստատության պայմանները լավը լինեն, հնարավոր չէ, ըստ Ա.Ասատրյանի, դրանք փոխարինել ընտանիքում ստացած ջերմությամբ և խնամքով: Նա նաև հավաստիացրել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունը հստակ է` Հայաստանում կարող է և հնարավոր է չլինեն մանկատներ: Նախարարը նաև կարևորել է խոցելի ընտանիքների կարիքների խորքային գնահատումը, դրա հիման վրա անհատական ծրագրի կազմումը, ինչը հնարավորություն կտա հասկանալ այն պատճառները, որոնց հետևանքով երեխան հայտնվում է հաստատությունում:
Իր հերթին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը Փոխըմբռնման հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը շրջադարձային է համարել, քանի որ երեխայի բարեկեցությանն ուղղված հուշագիրը հստակ նախանշում է կողմերի դերերն ու պարտականությունները առաջիկա 5 տարիների ընթացքում:
ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հնչել են նաև առաջարկներ ոլորտում առկա խնդիրները համատեղ լուծելու ուղղությամբ: Քննարկվել են ներկայացված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ գործընկեր կազմակերպությունների կողմից հնչած առաջարկությունները: