01/03/2015 17:19
Լևոն Տեր-Պետրոսյանի 7 մահացու մեղքերը կամ նա ուղղում է սխալները
Այսօր Ազատության հրապարակում մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև իր դեմ հնչող մեղադրանքներին ու քննադատություններին:
Նա իր խոսքում նշեց, որ այն մարդիկ, ովքեր այսօր Հրանտ Դինքին դարձրել են հերոս, ժամանակին նրան քննադատում էին. «Իսկ հիմա պաշտպանում են, քանի որ թուրքի ձեռքով է սպանված»,- հայտարարեց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին մեծ իմունիտետ է ձեռք բերել և կարող է պաշտպանվել իր դեմ հնչող քննադատություններից: «Քննադատվելու կամ լրացուցիչ պիտակավորվելու մտավախություն չունեմ: Քննադատներս արժանացրել են այնպիսի պիտակների, որ նրանց երևակայությունը չի բավարարի նորը գտնել. է՛լ ազգի դավաճան, է՛լ կոսմոպոլիտ, է՛լ թուրքամետ, է՛լ թուրքասեր, Է՛լ պարտվողական, է՛լ հրեամասոն, է՛լ ժիդամասոն, է՛լ թուրք և այլն… Եվ այս բոլոր օրհնությունները, որոնց համար շնորհակալ եմ, ստացել եմ հետևյալ մահացու մեղքերիս համար.
Թե իբր տեղյակ չեմ եղել Շուշիի ազտագրմանը, ինչ տեղի է ունեցել ի հետճուկս ինձ: Որ չեմ զարգացրել 94-95 թվականների պատերազմի հաջողությունները՝ արգելելով գրավել Բաքուն և Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել: Բա սրանից ավելի լավ ազգի դավաճա՞ն… Որ հաղթանակի պահին համաձայնել եմ կնքել 94 թվականի մայիսի զինադադարը: Որ Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր եմ համարել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, որ շարունակաբար ու հետևողականորեն քննադատել եմ հայ-թուրքական արձանագրությունները, որ պնդել ու հիմա էլ պնդում եմ, որ բարդություններով հղի մեր տարածաշրջանում Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացումը հեռանկար չունի առանց հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂՀ խնդրի կարգավորման:
Քննադատությունների եմ արժանացել, որովհետև այսօր էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցից ընդամենը օրեր առաջ քննատադելով հռչակագիրը՝ չուզողություն եմ անում և խափանում եմ ծովից ծով Հայաստանի, համարյա թե կպած՝ գործը…
Իսկ հիմա ամենաահավոր մեղքս եմ խոստովանելու. փառք Աստծո, որ քննադատներիս երևայակությունը չի բավարարել ինձ մեղադրել նաև Ավարայրի ճակատամարտում տանուլ տալու համար»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը: