01/03/2015 15:42
Ժողովուրդը իր վճիռը կայացրել է՝ Ս. Սարգսյանը պետք է հեռանա. Լևոն Զուրաբյան
Փետրվարի քսանին Ազատության հրապարակը պահանջատեր ժողովրդով պիտի լցվեր: Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ մնացել է միայնակ, նրան ոչ մեկ չէր օգնելու՝ ո՛չ ուժային կառույցները, ո՛չ երիտհանրապետականները, ո՛չ էլ հոգեհարազատ կրիմինալները: Հենց այդ պատճառով էլ ահաբեկչություն սկսեց ԲՀԿ-ի դեմ: Ազատութան հրապարակում ընթացող ամենամյա մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Սերժ Սարգսյանը չի հասկացել կարևոր մի բան. Ժողովուրդը իր վճիռը կայացրել է՝ Ս. Սարգսյանը պետք է հեռանա: Այստեղ հավաքվել ենք՝ մեր հետագա անելիքները որոշելու համար: Ստեղծված իրավիճակում պետք է հասկանալ իշխող ռեժիմի ռեսուրսները և ծրագրերը: Թեև տապալվեց փետրվարի քսանի հանրահավաքը, պետք է փաստել, որ ռեժիմը հայտնվել է երկու կրակի արանքում. Իշխանությունը սուզել է մի ճգնաժամի մեջ, որի թվերը ներկայացրինք ԱԺ-ում, որին նրանք ոչ մի պատասխան չունեին՝ արտաքին ֆինանսավորման բացակայություն, արտագաղթ, գործազրկություն:
Սերժ Սարգսյանը հայտնվել է կաղ բադիկի կարգավիճակում, դա հայհոյանք չէ, այդպես են անվանում այն նախագաներին, ովքեր պաշտոնավարման երկրորդ ժամկետում են և սահմանադրությունը արգելում է երրորդ անգամ ընտրվել: Այս դեպքում նրա իշխանությունը աստիճանաբար թուլանում է: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե արագ չլուծի սահմանադրական փոփոխությունների հարցը և չվերարտադրվի, ապա իր իշխանությունն ուղղակի կփլուզվի»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Շարունակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ Ս. Սարգսյանը պատրաստ է ոչնչացել ցանկացած քաղաքական ուժի, որը դեմ է սահմանադրական բարեփոխումներին. «Հենց այդ պատճառով էլ նա ոչնչացրեց Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին: Եթե մենք դիմադրենք, ապա Սերժ Սարգսյանը կհեռանա, խնդիրը այսպես է դրված՝ ով ում հախից կգա»: