01/03/2015 14:32
Գիմիշյանը «հուժկու հանրահավաքներ» կազմակերպող ուժ չի տեսնում
Այսօրվա հանրահավաքին կարելի է որակումներ տալ միայն դրա կայացումից հետո: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մարտիմեկյան ավանդական հանրահավաքին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողավրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր գործիչ Սոս Գիմիշյանը, արձագանքելով դիտարկմանը, թե կարծիք կա, որ այսօրվա հանրահավաքը «հուժկու» է լինելու:
«Այդ հուժկուն պետք է իսկապես լինի հուժկու, բայց չեմ կարծում, որ այսօրվա հանրահավաքը լինի հուժկու: Մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ հանրահավաքը, վստահություն չեն վայելում այլևս հանրության կողմից, իսկ հանրահավքն այսօր մեծ արձագանք չունի հասարակության մեջ»,- ասաց նա:
Հարցին, թե առաջիկայում ե՞րբ կարելի է ակնկալել այդպիսի հանրահավաքներ, սպասե՞նք, թե՞ ոչ՝ Գիմիշյանը պատասխանեց. «Հուժկու հանրահավաք լինելու համար՝ նախ անհրաժեշտ է միասնական կամք, իսկ հետո՝ այնպիսի քաղաքական կառույց, կամ քաղաքական կառույցների միավորում, որը կկարողանա կազմակերպել այդպիսի հանրահավաքներ: Եվ որը իր նախկին ապրած կյանքով, խոսքով ու գործով հնարավորինս մեծ վստահություն կվայելի հասարակության կողմից: Միայն այս դեպքում Հայաստանում կլինեն հուժկու հանրահավաքներ, որոնք կկարողանա հասնել լուրջ իշխանափոխության»,- ասաց նա:
Գիմիշյանը համոզմունք հայտնեց,, որ միայն նորմալ իշխանություն և ընդդիմություն ունենալու դեպքում հնարավոր կլինի երկրը 2-3 տարում ոտքի հանել, որը կլինի լուրջ ապագայով, օր օրի բարելավվող երկիր: