01/03/2015 16:33
Տեր-Պետրոսյանը նորանկախ Հայաստանի բոլոր նվաճումները վերագրում է իր ժամանակին
Այսօր Ազատության հրապարակում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին խոսեց Հայոց ցեղասպանության մասին ընդունած համընդհանուր հռչակագրից և հայտարարեց, թե այդ փաստաթուղթը իր համար մտահոգիչ կարևարագույն հարցերից է:
Նրա խոսքով՝ ինքն այդ խնդրին անդրադարձել է երկու անգամ և իր մտահոգությունները հայտնել, սակայն դրանց ոչ ոք ոչ մի ուշադրության չի արժանացրել: Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ ուզում է անդրադառնալ հռչակագրի ամենակարևոր դրույթին, որն ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձն է:
Նա հիշեց, որ 1990-ականներին, երբ երկրի ղեկավարն ինքն էր, Հայաստանի իշխանությունները որդեգրեցին միջազգային իրավունքին ներդաշնակ ու բացառապես պետության շահերից բխող քաղաքականություն: Անդրադառնալով իր շուրջ շրջանառվող խոսակցություններին՝ ՀՀ առաջին նախագահն արդարացավ, թե պատահական չէ, որ «նորանկախ Հայաստանի քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանի հետ»:
Նա նշեց, որ դա միայն իր կարծիքը չէ, և ժամանակին դա գնահատել են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը:
Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ 1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության խնդիրը, որի դիմաց Հայաստանը ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու, «խայտառակ» պարտադրանքը:
Շարունակելով խոսքը՝ ՀՀ առաջին նախագահը շեշտեց, որ դրանից հետո էր, որ քոչարյանական թիմը թույլ տվեց ավելի խայտառակ ձախողում. «Հակամարտության լիիրավ բանակցող կողմ հանդիսացող Ղարաբաղը դուրս մղվեց այդ գործընթացից և ԼՂՀ հիմնախնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի»:
Լ. Տեր-Պետրոսյանը հավելեց, թե ինքը իր հրաժարականի հայտնի ելույթի ժամանակ՝ 1998 թվականի փետրվարի 3-ին, անդրադառնալով այդ հարցին՝ ոչ թե փորձել է վնասել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, այլ նկատի է ունեցել իրատեսումից դեպի պահանջատիրության անցումը:
«Դեռ այդ ժամանակ հայտարարվեց, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է: Խնդիրը շատ ավելի խորն է, որը կապված է պետականության հիմնադրույթների հետ: Թե ինչպիսի հետևանքների կհանգեցնի այս կտրուկ շրջադարձը, կարծում եմ, դժվար չէ կանխաշտեսել: Այդ հռչակագիրը, եթե ոչ աղետաբեր, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, որոշակի խնդիրներ առաջացնելով հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներում»,- հայտարարեց նա՝ ընդգծելով նաև, թե Հայոց ցեղասպանության հռչակագիրը լի է վտանգներով, ինչը թույլ չի տա ճանաչել ոչ միայն Արցախի անկախությունն ու Հայոց Ցեղասպանությունը, այլև այդ փաստաթղթի պատճառով Հայաստանը կկորցնե իր բարեկամ պետություններին:
Շարունակելով խոսքը՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ այս ամենը նկատում են բոլորը, սակայն ինքը զարմանում է, թե ինչու չեն բարձաձայնում այդ մասին: «Ո՞ւր են Ռաֆայել Իշխանյանի հետևորդները: Ինչո՞ւ են նրանք հիմա վախենում: Բա ինչո՞ւ նրանք այն ժամանակ չէին վախենում»,- հարցեց Տեր-Պետրոսյանը: