02/03/2015 11:55
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ապակառուցողական քայլերի հետևանքով իրավիճակը սահմանին կրկին լարվել է
ՀՀ և Արցախի սահմանին իրավիճակը կրկին լարվել է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպոնության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը կրկնապատկել, անգամ եռապատկել է հրադադարի ռեժիմների խախտումները:
«Մի քանի ուղղություններով իրականացվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր: Դրանցից միայն մի դեպքում է հակառակորդին հաջողվել մոտենալ մեր դիրքերին, ինչի հետևանքով էլ փետրվարի 28-ին ունեցանք երկու զոհ»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա նշեց, որ ձեռք բերված համեմատական խաղաղությունը դարձյալ խախտվել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերի հետևանքով.
«Մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և զգուշացնում ենք, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ստեղծված իրավիճակի ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ ադրբեջանական զինված ուժերի սադրանքներից հետո ՊԲ զինծառայողներին հաջողվել է խոցել հակառակորդի երեք զինծառայողների: