02/03/2015 19:37
Չորաթանցի 2-ամյա Ազատի ընտանիքը հուսահատ վիճակում է. Լյարդի ֆիբրոզը սպառնում է նրա կյանքին
Եվս մեկ ընտանիք է հույսը դրել Աստծո և բոլորիս օգնությանը. Տավուշի մարզի Չորաթան համայնքի 2-ամյա Ազատ Ուդումյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն Իսրայելի կամ Գերմանիայի կլինիկաներից մեկում, քանի որ անգամ ամիսները կարող են վճռորոշ լինել նրա ապագայի համար: Երեխայի մոտ ախտորոշվել է լյարդի ֆիբրոզ և միակ ճանապարհը լյարդի փոխպատվաստումն է, որը, նախ, Հայաստանում հնարավոր չէ անել, իսկ արտերկրում միայն վիրահատությունն արժե 70-80 հազար դոլար: Aysor.am-ի հետ զրույցում երեխայի մայրը` Անուշիկ Օհանյանն ասաց, որ հույսով առ Աստված սպասում է, որ օգնեն ընտանիքին՝ երեխային Գերմանիա տեղափոխելու համար, քանզի այլ կերպ չի պատկերացնում, թե ինչպես կարող է փրկել որդու կյանքը.
«Սահմանամերձ գյուղում ենք ապրում, ոչ մի բան չունեմ, որ վաճառեմ , մենք էլ ոչ փող ունենք հետ գցած, ոչ էլ…. Հույսս Աստծու վրա եմ դրել, մեկ էլ բարի մարդկանց…. Հասկանում եմ` մեծ գումար է, բայց այլ ելք չունեմ, ո՞նց նստեմ սպասեմ, պետք է օգնություն խնդրեի»,- ասաց նա` տեղեկացնելով, որ այդ նպատակով բացված հաշվեհամարներին գումար, ցավոք, չի հավաքվել:
Ազատը դիսպանսերային հիվանդ է, իսկ դա նշանակում է, որ երեք ամիսը մեկ երեխան ստուգվում է Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում. դեղորայք չի ընդունում `չի կարելի, բայց անալիզներ է պարտադիր հանձնում: Հերթական այցը մարտի 9-ին է ու մայրը վախենում է, որ բժիշկը կասի, որ որդու վիճակը գնալով վատանում է: Բայց ի՞նչ անի. Հուսահատությունը խեղդում է, բայց այլ ճար չունի, քան սպասի.
«Վիրահատությունը 70-80 հազար դոլար է, մոտ 15 հազար էլ հարկավոր է մեր այնտեղ ապրելու , մնալու համար: Բայց ես չեմ սպասի, որ գումարն ամբողջությամբ հավաքվի, թեկուզ գումարի կեսն էլ լինի արդեն կմեկնեմ, որովհետև ամեն րոպեն իրոք ճակատագրական է»,- նշեց Ա.Օհանյանը:
Նշենք, որ երեխային օգնելու համար ՎՏԲ - Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար երեխայի հորաքրոջ ` Օվսաննա Լյովիկի Ուդումյանի անունով:
AMD 16039005679600
USD 16039005679601
EUR 16039005679602
RUR 16039005679603
Երեխայի մոր հետ կարելի է նաև կապ հաստատել 077635773 հեռախոսահամորվ: