02/03/2015 13:05
Հայոց ցեղասպանությունն իրեն քաղաքակիթ համարող մարդկության անարգանք է. Ա. Սմբատյան
«Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի ամենամեծ ցավն է, ու իրեն քաղաքակիթ համարող մարդկության խայտառակությունն ու անարգանքը», -այս մասին նշել է Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը` ելույթ ունենալով Բեռլինի խորհրդարանում:
Փետրվարի 26- ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Բեռլինի հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում:
Գերմանիայում ՀՀ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ելույթ ունենալով գերմանացի պատգամավորների առջև, հույս հայտնեց, որ այս տարի Գերմանիայի Բունդեսթագը կկարողանա վերանայել 2005 թ-ին իր ընդունած բանաձևը` Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված բռնություններն ու կոտորածներն անվանելով Ցեղասպանություն:
Սմբատյանը հիշեցրեց, որ մինչ օրս միայն Բրանդենբուրգ դաշնային երկրամասն է Հայոց ցեղասպանության փաստը ներառել դպրոցական դասագրքերում, ինչը օրինակ կարող է հանդիսանալ դաշնային մյուս երկրամասերի համար, որոնք որոշակի զգուշավորություն են ցուցաբերում` պայմանավորված թուրքական գործոնով:
Անդրադառնալով Դարդանելի ճակատամարտի տարելիցի միջոցառումների թուրքական նախաձեռնությանը` Սմբատյանը նշեց, որ դրանով իսկ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը` փորձելով միջազգային հանրությանը շեղել ապրիլի 24 –ի խոհրդից:
Մինչդեռ հենց ապրիլի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանն ու պետական այրերին, այդ թվում և Թուրքիայի նախագահ Էրդողանին, հրավիրել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառմանը: