02/03/2015 19:24
Երբ կաշին արվեստ է դառնում. Գործիդ պետք է վերաբերվես ոչ թե որպես բիզնեսի, այլ՝ սիրած զբաղմունքի
Ի՞նչ կարելի է ստանալ կաշվի փոքրիկ կտորից, օրինակ՝ պատրաստել զարդեր: Այս գաղափարը 2 տարի առաջ պատահաբար ծնվեց մասնագիտությամբ կարի տեխնոլոգ Նունե Ավագյանի մտքում: Տանը եղած կաշվի փոքրիկ կտորից նա պատրաստեց իր առաջին վզնոցը:
Հիմա խոստովանում է, որ 2 տարվա ընթացքում չգիտի, թե ինչքան զարդ է պատրաստել, բայց հպարտությամբ է ասում, որ դրանք բոլորը իր մտահաղացումն են և անգամ ամսագրեր չի թերթում՝ ոգեշնչում ստանալու համար:
«Մասնագիտությամբ կարի տեխնոլոգ եմ, բայց ամեն ինչը, ինչը վերաբերվում է պատրաստելուն, ինձ մոտ հեշտ է ստացվել: Միշտ սիրել եմ զարդեր կրել, հատկապես արծաթյա, բայց զարդեր շատ չեմ ունեցել, որովհետև 3 երեխա մեծացնելը բարդ է, ինչպես ռուսերեն ասում են՝ «было не до этого: Աշխատանքներս ցույց եմ տվել դիզայներների և նրանց կողմից բարձր գնահատական ստանալով՝ հետագա գործունեությունը շարունակելու խթան ստացա»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
2 տարվա ընթացքում Նունեն մոռացել է՝ ինչ է նշանակում երկար լաքապատված եղունգներ ունենալ, որովհետև աշխատանքի ընթացքում ասում է՝ եղունգները հաճախ են սևանում, իսկ լաքը՝ փչանում է, փոխարենը ունի մեծ թվով հավատարիմ հաճախորդներ, իսկ նրա զարդերը բազմիցս ցուցադրվել են արտերկրում և Հայաստանի սահմաններից դուրս էլ պահանջարկ են վայելում:
«Մոտ մեկ տարի առանց հանգստյան օրերի աշխատել եմ Վերնիսաժում, որտեղ էլ մարդիկ ծանոթանում էին իմ աշխատանքներին: Այդ ընթացքում հաճախ են խորհուրդ տվել, որ հետևեմ նորաձևության տենդնեցներին կամ էլ զարդեր պատրաստելիս առաջնորդվեմ նրանով, թե որ զարդերն են ավելի լավ վաճառվում, սակայն ես միշտ զարդեր պատրաստելիս առաջնորդվել եմ իմ ներքին պատկերացմամբ: Պատրաստում եմ սիրով և շատ հաճախորդներից եմ լսել, որ ասում են՝ Ձեր զարդերի մեջ հոգի կա»,-ասաց նա:
Նունեի խոսքով՝ մեկ տարում կարողացել է բացել իր փոքրիկ կրպակը Հանրապետության հրապարակի անցումի տակ, որտեղ էլ գալիս են իր հաճախորդները՝ սոցիալական ամենատարբեր խավերից:
«Ունեմ և շատ հարուստ հաճախորդներ և ոչ այնքան ապահովված: Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկին դուր է եկել որևէ զարդը, բայց գնային առումով չի կարողանում այն իրեն թույլ տալ, միշտ պատրաստ եմ համաձայնության գալ գումարի շուրջ, անգամ նվիրել, չէ որ էլ ո՞ւմ համար եմ աշխատում»,-ասաց նա:
Կյանքում կաշվե հագուստ չկրած Նունեն պատմում է, որ կաշին չի ենթարկացնում, այլ այն ինքն է մշակման ընթացքում որոշակի ձև ընդունում և ինքը մինչև վերջ էլ չգիտի, թե ինչ կստացվի:
Զարդերից բացի Նունեն նաև կաշվից նկարներ ունի, թեև նկարելու տաղանդ երբեք չի նկատել իր մոտ:
«Ես չունեմ սիրելի զարդեր կամ նկարներ, ընդհակառակը, ինձ ոգևորում է այն, որ դրանք կրում են այլ մարդիկ, չէ՞ որ ես դրա համար եմ աշխատում: Եթե զարդը ինձ դուր է գալիս, ավելի մեծ սիրով եմ այն վաճառում և մատչելի: Ընդհանրապես, գործիդ պետք է վերաբերվես ոչ թե որպես բիզնեսի, այլ սիրելի զբաղմունքի»,-ասաց նա: