02/03/2015 18:16
Թույլ տվեք մենք էլ կոդերով խոսենք. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը մասնակիորեն է հետևել մարտիմեկյան հանրահավաքը և մեծ ուշադրությամբ լսել է հատկապես Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Իրականում, ոչ մի նոր բան չլսեցի: Բոլոր հին ելույթները, բոլոր ծեծված նախադասությունները, հին առաջարկությունները կրկնվում էին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ գնալով այդ ցույցերը ավելի անհետաքրքիր են դառնում: «Ցավում եմ, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո մարդիկ ավելի են հիասթափվում: Դրա մասին են վկայում նաև թվերը»,- ասաց նա:
Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, և մասնավորապես այն հատվածին, թե ընդիմմության ընդդիմափոխության հարց է դրվում, ոչ թե իշխանափոխության, Վ. Բաղդասարյանը նկատեց, որ այո, այսօր ընդդիմության հարցը շատ լուրջ խնդիր է. «Այսօր լուրջ մրցապայքար է գնում ընդդիմության ներսում, բայց ցավում եմ, որ դա մրցավազքի է նմանվում: Այդ մրցավազքի ընթացքում մեկը մյուսին վիրավորելով, մեկը մյուսին նսեմացնելով ցանկանում են լիդեր լինել և գրավել ընդդիմադիր դաշտը: Ցավոք, այդ ճանապարհով, հնարավոր չէ մեր պատկերացրած ընդդիմությունը ձևավորել»,- ասաց պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ինքն անձամբ գնահատում է այն երևույթը, որ ընդդիմությունն արդեն հասկացել է, որ այսօր ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն է անհրաժեշտ, սակայն դրան պետք է հասնել այլ ճանապարհով՝ քաղաքակիր ու բարեկիրթ: «Լավագույն ճանապարհը գաղափարական ընդդիմություն ձևավորելն է, որը սահմանադրական ճանապարհով իր նպատակին կհասնի: Այսօր մեզ պետք է արմատապես փոփոխված ընդդիմություն, որի հետ հնարավոր կլինի աշխատել, և որը պետք է այսօր մեր քաղաքական դաշտում»,- ասաց նա:
Վերադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, որտեղ վերջինս «կսմթում» էր ընդդիմադիր որոշ ուժերի և նրանց կոդավորում՝ պատգամավորը նախ ընդգծեց, որ միշտ էլ նրա ելույթներում կոդեր եղել են, որոնք ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն, իսկ հետո հավելեց, որ ցավում է, որ այսօր իրեն արմատական ընդդիմություն համարող քաղաքական այդ գործիչը այդ կոդերն ուղղում են իր վաղեմի գործընկերներին, որոնց հետ ոչ վաղ անցյալում աշխատել ու համագործակցել են: «Նրանք միասին բավականին երկար ճանապարհ են անցել: Եվ անգամ այդ գաղափարական ճանապարհն անցած մարդիկ այսօր միմյանց հետ հակասության մեջ են, իսկ այն մարդիկ, ովքեր անգամ գաղափարակից չեն եղել, ցանկանում են միավորվել, ինչ-որ եռյակ-քառյակներ ձևավորել, և այլն»,- շարունակեց իր խոսքը պատգամավորը՝ հիշեցնելով, որ ինքը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ այդ եռյակ-քառյակը երկար ճանապարհ չի ունենալու:
Դիտարկմանը՝ դուք էլ ձեր գաղափարակից ընկերոջ հետ հակասության մեջ մտաք՝ Բաղդասրայանը հավելեց. «ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մեջ, որին մաս են կազմել, թե՛ ՕԵԿ-ը, թե՛ Դաշնակցությունը: Իսկ կոալիցիայից դուրս գալու ճանապարհը մենք չէ, որ նրանց ցույց ենք տվել: Մենք միայն մուտքի ճանապարհն ենք ցույց տալիս»,- ասաց նա:
Հարցին՝ գաղափարակից ասելով դուք ո՞ւմ նկատի ունեք, Բաղդասարյանը հավելեց. «Թույլ տվեք մենք էլ կոդերով խոսենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջին նախագահը հայտարարեց, որ այդ ուժերը երկար կյանք չունեն, քանի որ ուղղորդվում են մի կետից՝ Բաղրամյան 26-ից, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, մարդիկ երբ ձախողվում են, սկսում են մեղավորներ փնտրել: Իսկ այսօր նրանց համար լավագույն տարբերակը դա իշխանությունն է: Եվ ցանկացած պարագայում՝ դա կլինի ակցիա, սահմանադրական իրավունք, թե որևէ այլ բան՝ նրանց համար միշտ էլ մեղավորը իշխանությունն է»,- ասաց նա: