02/03/2015 15:01
Վ. Այվազյան. Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց մի քիչ նեղություն պետք է տան, որ լավ զգան
«Փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետք է աջակից լինի երկրի տնտեսության զարգացմանը և այս օրենքը բիզնեսին լավ պայմաններ ստեղծելուն է ուղղված»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` անդրադառնալով աղմկահարույց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններին:
Նրա խոսքով` փոփոխություններ այս ոլորտում իսկապես անհրաժեշտ են և նախագիծը ժամանակի հրամայական է, քանի որ ավելի քան 30 հազար տնտեսվարող ցույց է տալիս 2.4 մլն շրջանառություն, բայց սա բավականին ցածր ցուցանիշ է:
Վ.Այվազյանը, անդրադառնալով գլխավոր քննադատությանը` փաստաթղթաշրջանառության պահանջին, ասաց, թե պետության հիմնական նպատակը ՓՄՁ-ին օգնելն է, բայց դրան զուգահեռ նաև ոլորտի ներկայացուցիչները պետք է իրենց «մի քիչ նեղություն տան».
«Առանց դրա հնարավոր չի տնտեսությանն աջակցել: Մի անեկդոտ կա. մեկը շատ գեշ հազում է, ասում են` ծխելը պիտի թարգես, ասում է` չէ: Մարդը հիվանդ է, ուզում է լավանալ, բայց չի ուզում իրեն նեղություն տալ: Հիմա նույնն է` փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց մի քիչ նեղություն պետք է տան, որ լավ զգան»,- ասաց ՀՀԿ-ական Այվազյանը:
Հիշեցնենք, ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի, որը հերթական փոփոխությունից հետո արդեն ուղարկվել է ԱԺ ` 58 մլն դրամ շրջանառության շեմը դարձել է 114 մլն: