03/03/2015 21:13
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Ալեքսան Սուսյանի վկայությունը՝ Մոլլա Սուլեյմանի կոտորածի մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Վերապրած Ալեքսան Սուսյանի վկայությունը՝ Բայազետի գավառի Ալաշկերտ գավառակի Մոլլա Սուլեյման գյուղի կոտորածների մասին.
«1914 թ. վերջերը գյուղի տեր Մարտիրոսին թուրքը տարավ, կորսնցուց, իբր թե ըսած էր՝ Գերմանիայի թագավորը թույն խմեցրել է: 1914 թ. սեպտեմբերին Տահը չավուշը ժանտարմներով գյուղը եկավ, ծեծի, ֆալաղկայի տակ հավաքեց գյուղի զենքերը՝ մոտ 10 զենք: Նաև զենքի տեղ կհավաքեր փող՝ մոտ 300 ոսկի: Ռուսը հոկտեմբեր ամսին գրավեց մեր կողմերը: Հանկարծ 1915 թ. Փոքր Զատկին հետ քաշվեցավ:
Զետկանց գյուղացիք (հայեր) մեր գյուղը լցվեցան: Քրդերը պաշարեցին գյուղը, հայերը սկսեցին դիմադրել, մեր գյուղեն Տիգրան, Կարապետ՝ 20 ընկերներով, Զէտկանեն Մամբրեն, Սիրունը՝ 20 ընկերներով: Մի օր մինչև երեկո կռվեցին, պատրոն սպառվեց: Քրդերը խաբեցին, զենքերը հանձնեք, ոչինչ չլար ձեզի: 5 տղա՝ Միքայել, Գրիգոր, Պողոս և ուրիշներ չհանձնելով, առին փախան, իսկ մյուսները հանձնեցին: Քրդերը զենքը առնելուն պես՝ սկսեցին կոտորել, մեր գյուղեն տղամարդ՝ 180 մարդ, Խուրիեկյան վարդապետը, ռէս Մուսոն, Պաղտասը, Սողոմոնը և այլք, նաև Զետկանեն մեր գյուղին մեջ կոտորվեցան մոտ 150 տղամարդ, վարդապետը, ռէս Սրքեն, ռէս Թումոն և այլք:
Կին և երեխեք մնացին քրդերուն ձեռքը: Մինչև 20 օրը ռուսը նորեն եկավ, գրավեց, բայց քրդերը փախան, ելան մեր գյուղեն, տարին աղջիկ 44, հոտաղացու 5 տղա: Կարաքիլիսեն եկանք, հոն վախեն մեռան 100 հոգի, մնացածը եկան այս կողմ՝ առանց գույքի: Գյուղը ռուսը քանդած է: Գյուղացիք մաս մը գյուղն են: Գյուղացիք Ալեքասնդրապոլի կողմերն են: Մենք հոս՝ նոր Պայազետ կմնանք՝ 3 տուն, ներկա անձեր՝ 14, նահանջե հետո կորուստ՝ 5 հոգի»:
Լուսանկարները՝ www.genocide-museum.am
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: