03/03/2015 18:08
Հ. Բիշարյան. Թող մեկ-մեկ մտածեն` բա իրե՞նց մասին ինչ կարող են ասել մյուս քաղաքական ուժերը
«Զարմանում եմ, որ քաղաքական ուժերը կարող են խոսել մենաշնորհի մասին և մոնոպոլ դաշտ ստեղծել, թե իբրև միայն իրենք են ընդդիմություն: Սա իսկապես անընդունելի է և առհասարակ` Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը բացարձակապես անընդունելի է բոլոր քաղաքական ուժերի համար. կանգնել ու հայտարարել, թե ես եմ, ուրիշ ոչ մեկը չկա ոչ այլ ինչ է, քան քաղաքական դաշտում մենաշնորհ ունենալու նպատակ հետապնդող հայտարարություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով մարտի 1-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի շեշտադրումներին:
Պատգամավորը նշեց, որ նման կոչերը ոչ միայն անընդունելի են, այլև ուզում ես դրանք նույնիսկ լուրջ էլ չընդունել ու անուշադրության մատնել, առավել ևս, որ քաղաքական դաշտում յուրաքանչյուր ուժ ունի իր տեղն ու դերը:
Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի որոշ շեշտադրումներին ու նաև որակումներին, որոնցով նա հանդես եկավ` հասցեագրված բոլոր նրանց, ովքեր, փաստացի, այսօր իր կողքին չեն, Հ.Բիշարյանն ասաց, որ հանրահավաքը ավելի լուրջ կոչերի ու հայտարարությունների տեղ է, ավելի ծանրակշիռ ու լուրջ տեսակետներ հայտնելու միջոցառում, քան գնալ ու հրապարակային նման արտահայտություններ անել, քննադատել ու կամ էլ բամբասել քաղաքական ուժերի վերաբերյալ.
«Ընդհանրապես, քաղաքական ուժերին գնահատականը տալիս է հանրությունն ու ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, գտնում եմ, որ ինձ գնահատական տալիս է ժողովուրդը ու այն քվեն, որ ես ստանում եմ, հենց դրա արդյունքն է: Այո, այսօր մեկը մյուսին քննադատելը քաղաքական ուժերի մոտ դարձել է նորաձև, շատերը մտածում են, որ նման գործելաոճով կարելի է էժանագին դիվիդենտներ հավաքել. «սպասի ես առաջինն ասեմ, էսպես ասեմ, որ ժողովուրդն էլ այդպես մտածի» սկզբունքն է գործում: Բայց դա այդպես չի, որ ընդդիմադիր դաշտն իրենն է, այնպես չի, որ միայն ինքն է ընդդիմադիր այսօր ու այնպես էլ չի, որ իր` մյուս քաղաքական գործիչների հասցեին հնչեցրած քննադատությամբ ժողովուրդը պետք է նրանց գնահատի»,- ընդգծեց տիկին Բիշարյանը` կրկնելով, որ քաղաքական գործիչներին ու ուժերին ժամանակի մեջ գնահատական տալիս է ժողովուրդը, այնպես որ ինքը ցանկացած քաղաքական գործչի, առավել ևս այդպիսի փորձառու անհատների, որ լուրջ ճանապարհ են անցել, կարող է միայն խորհուրդ տալ գնահատական տալիս մեկ-մեկ հիշեն իրենց ու իրենց անցած ճանապարհը:
«Կարծում եմ՝ ճիշտ է, որ մեկ-մեկ նրանք հիշեն իրենց անցած ճանապարհը, կատարած աշխատանքը և մտածեն` բա իրե՞նց մասին ինչ կարող են ասել մյուս քաղաքական ուժերը: Անընդունելի է հրապարակային հանրահավաքների ու միջոցառումների ժամանակ կարևոր քաղաքական ու սոցիալական շեշտադրումների մասին խոսելու փոխարեն նման գնահատականներ հնչեցնելը»,- ընդգծեց նա: Նաև շեշտեց` երկրում այնքան շատ խնդիրներ կան, այնքան լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած այսօր, որ ուղղակի չի կարելի կանգնել ու այլ հայտարարություններ անել, ավելին` «եթե ասելու լինենք այնքան բա՜ն կա ասելու շատերի մասին»: Բայց դա չէ քաղաքականությունը ու քաղաքական մշակույթ ասվածի բացակայությունը հենց դրանում է արտահայտվում:
ՕԵԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք` կանխատեսո՞ւմ էր կուսակցությունը ժամանակին, որ նման զարգացումներ են լինելու ու եռյակը մոտ ժամանակներս փլուզվելու է, երբ այդպես համառորեն չէր ցանկանում ընդգրկվել այդ ձևաչափում: Եվ առհասարակ` քաղաքական դաշտի վերափոխումները, նաև սպասվելիք զարգացումները (ՀՅԴ-ն հնարավոր է մտնի կոալիցիա, ԲՀԿ-ն առհասարակ հեռանա ակտիվ քաղաքականությունից) ինչպե՞ս կմեկնաբանի: Հ. Բիշարյանը նախ հիշեցրեց, որ ՕԵԿ-ը արդեն 18 տարվա կենսագրություն ունեցող կուսակցություն է ու բավականին փորձառություն ունի` անկախ ամեն ինչից, իրենց որոշումները միշտ ճիշտ են եղել ու արդարացված:
«Մեզ անընդհատ հարցնում էին` եռյակ մտնելո՞ւ եք, ե՞րբ է եռյակը քառյակ դառնալու և այլն: Բայց մենք մեր գործողություններում միշտ խոհեմ ենք եղել և փորձել ենք հասկանալ` եռյակը կենսունա՞կ է, կունենա՞ շարունակականություն, թե պարզապես ժամանակի հրամայականն է և համախմբում է որոշ խնդիրների շուրջ հավաքված քաղաքական ուժերի: Բայց եթե ուշադիր եք, մենք շատ հարցերում միավորվում էինք, որովհետև այդ պահին համընկնում էր մեր կարծիքը, մեր սկզբունքները այն խնդիրների շուրջ, որոնք առաջանում էին, բայց լինում էին նաև հարցեր, երբ մենք տարաձայնություններ ունեինք ու երբեք չէինք մտածում անել այնպես, ինչպես եռյակն է որոշում: Եվ ինչպես գիտեք` իրենց մեջ էլ կային տարաձայնություններ»,-ասաց պատգամավորը:
Հ. Բիշարյանը հավելեց նաև, որ ՕԵԿ-ը սկզբունքային քաղաքական ուժ է և երբ բախում է տեղի ունենում իրենց սկզբունքների հետ, ապա իրենք գերադասում են հեռանալ կամ հրաժարական տալ և կուսակցության անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է` սկսած 2008թ-ից մինչ օրս: