03/03/2015 13:44
Ռ. Հակոբյանը՝ մեծամասնությանը. Ձեր օգնականներն ընդդիմադիր դաշտում գտնվողներն են
Այն, որ Կառավարությունն ուզում է պայքարել ստվերի դեմ, դա ակնհայտ է: ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենսդրական նոր փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա իր խոսքում, սակայն, ընդգծեց, որ այդ պայքարը սկզբունքորեն տեղի չի ունենում:
«Անշուշտ նոր փաթեթը տարբերվում է նախորդից, սակայն շատ չնչին տարբերությամբ»,- ասաց նա և անդրադարձավ նոր փաստաթղթի քաղաքական նշանակությանը.
«Այն լեգիտիմացնում է տնտեսական գործընթացները: Հարց է առաջանում, թե այս իրադրային լուծումները ի՞նչ են պահանջում: Եթե մեզ թվում է, թե նոր հեծանիվ ենք հնարում, դա այդպես չէ: Մեր կարևորագույն խնդիրը ստվերի դեմ պայքարելն է, բայց դա սկզբունքորեն չի կատարավում, այլ մասնակի, որովհետև տվերի դեմ չեն կարողանում կռվել կամ պայքարել այն մարդկանց միջոցով, որոնք միշտ պարտվել են մոնոպոլիաների կամ օլիգարխների ձեռքին»:
Ռ. Հակոբյանը նշեց նաև, որ դեռ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ տնտեսությունն ամբողջությամբ լուծարվեց, ամբողջը ստվերից դուրս եկավ, սակայն Հայաստանն անգամ այդ տարիներին չկարողացավ ստվերի դեմ պայքարել: «Իր աշխարահագրական չափումներով ու մենթալիտետով պետք է վաղուց դուրս գար Հայաստանն այդ պրոցեսից, բայց ոչ. անգամ 25 տարի անց դուրս չի եկել և նոր ուզում է այդ ստվերի դեմ պայքարել: Կրկնում եմ, նոր նախագիծն ավելի շահեկան է, բայց լրացված չէ: Մենք կանգնել ենք մի փաստի առջև, որ ֆինանսատնտեսական գործընթացները Հայաստանում չեն զարգանում»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար նախևառաջ պետք է լինի քաղաքական կամք: Նա հայտարարեց, որ իսկապես Հայաստանը կանգնել է մի փաստի առաջ, որ մարդկային թեորեմներին ուզում է հակառակն ապացուցել: «Հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, որ սկզբունքորեն չեք պայքարում ստվերի դեմ: Պետք է հասկանաք նաև, որ ձեր օգնականները ընդդիմադիր դաշտում գտնվողներն են, սակայն դա էլ եք մերժում»,- շարունակեց իր խոսքը պատգամավորը՝ հավելելով, որ Կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը պետք է վերջապես հասկանան, որ վերահսկողությունը պետք է իրականացվի ընդդիմության կողմից: Նա հայտարարեց նաև, որ ԱԺ-ը անառողջ կեցվածք է ընդունել:
«Ես այս մասին բարձրաձայնում եմ ոչ թե պատգամավոր, այլ իբրև քաղաքացի: Ինչո՞ւ այս հարցը սկզբունքորեն չենք լուծում: Ցավոք, իշխանությունն ականաջալուր չի և չի ընդունում, որ պետք է ստվերի դեմ պայքարել ամբողջությամբ, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից: Հարգելի մեծամասնություն, ուշադրություն դարձրեք խոսքիս տրամաբանությանը, իմ հորդորին, և կամք ունեցեք գնալ այս ճանապարհով, որպեսզի համակարգային խորը ճգնաժամից կարողանանք դուրս գալ: Պետք է նախ պրոֆեսիոնալ դաշտում պետությունն առաջ տանել, այնուհետև մտածել մյուս հարցերի մասին»,- հայտարարեց նա: