03/03/2015 15:28
Վերա Կարապետյան. Ընտանի կենդանի պահելու համար հարկ սահմանելն աբսուրդ է
Ընտանի կենդանի պահելու համար հարկ սահմանելն ուղղակի աբսուրդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենդանասեր Վերա Կարապետյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված ընտանի կենդանիների՝ շների, կատուների և թութակների համար գանձվող 5000 դրամ վճարին.
«Եթե այլ երկրներում կենդանի խնամողից գումար են վերցնում, ապա դա գոնե ուղղվում է անասնաբուժական և այլ ծառայություններին, իսկ մեզ մոտ պարզապես ուզում են մարդկանցից գումար կորզել»,- ասաց կենդանասերն՝ ավելացնելով, որ իրենք իրենց միջոցներով են ստերջացնում կենդանիներին ու հոգում բժշկական խնդիրները։
Բանախոսն անդրադարձավ նաև թափառող կենդանիների խնդրին՝ նշելով, որ տարիներ շարունակ հարցով զբաղվող մրցույթը շահել է «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպությունը, որը պնդում է՝ մեզ մոտ կա 46.000 թափառող շուն այն դեպքում, երբ օրինակ Մոսկվայում այդ շների քանակը 20-25.000 է։
«Միաժամանակ մենք՝ կենդանասերներս, չենք կարող մասնակցել այդ մրցույթին այն պայմաններով, որոնք կան: Քանի որ այս դեպքում կենդանիների 95 տոկոսը ոչնչացվում է, և միայն 5 տոկոսն է ենթարկվում ստերիլիզացման»,- ասաց Վերա Կարապետյանը՝ նորից ընդգծելով, որ այս սկզբունքն իրենց համար անընդունելի է: