03/03/2015 18:29
ՄԻՊ. ԱԳՆ-ն քաղաքացուն անհիմն կերպով չի տրամադրել անհրաժեշտ տեղեկանքը
Օմբուդսմենին դիմած քաղաքացին հայտնել է, որ Արտաքին գործերի նախարարությունը մերժում է իրեն տրամադրել դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ Facebook-յան էջից:
Խնդրի կապակցությամբ Օմբուդսմենին Նախարարությունից պարզաբանել են, որ տվյալ քաղաքացին մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով, և թեև վերջինս բողոքարկել է դատավճիռը, սակայն տեղեկանքը տարամադրվելու է նրա նկատմամբ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն: Մինչդեռ Ոստիկանությունից Պաշտպանին տեղեկացրել են, որ դիմումատուն ներկայում չի հետախուզվում և չունի դատվածություն: Սակայն այն բանից հետո էլ, երբ Օմբուդսմենը Նախարարություն ներկայացրել է Ոստիկանությունից ստացված պատասխանը, տեղեկանքը չի տրամադրվել:
Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում. Արտաքին գործերի նախարարությունը քաղաքացուն անհիմն պատճառաբանությամբ չի տրամադրել անհրաժեշտ տեղեկանքը: Քանի դեռ անձի մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, մեղադրյալը համարվում է անմեղ, իսկ Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է տրամադրել վերոնշյալ տեղեկանքը Ոստիկանությունից ստացված տեղեկության հիման վրա դիմումը ստանալուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Օմբուդսմենը Նախարարությանն առաջարկում է դիմումատուին տրամադրել պահանջվող տեղեկանքը և կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած պաշտոնյային: