03/03/2015 09:00
«Ափալ-թափալ». ԱԺ արտահերթի ինտրիգները
Կառավարության նախաձեռնությամբ Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում կարելի է ասել բացառապես աղմկահարույց, վիճահարույց նախագծեր են: Ընդդիմադիր պատգամավորները արդեն բազմիցս են հանդես եկել դժգոհությամբ, թե ինչու է կառավարությունը այսքան հապշտապ, «ափալ-թափալ» ուզում անցկացնել այդ օրենքները ու դրա համար անգամ արտահերթ նիստ գումարում: Բայց պատգամավորների քննադատությունը թեև հասցեատեր ուներ, բայց տեղ չհասավ` ժամը 12-ին այդ բոլոր օրինագծերը քննարկման առարկա կդառնան: Հաշվի առնելով իրավիճակը` քննարկումները թեժության պակաս չեն ունենա:
Մասնավորապես, ԱԺ-ն կշարունակի այսօր քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը, որը կիսատ էր մնացել վերջին քառօրյայում: Բացի այս, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Շահութահարկի մասին» օրենքը ու նաև կկազմակերպվի դրա քվեարկությունը: Ի դեպ, հենց այս նախագծի քննարկմանը մասնակցելու համար ԲՀԿ-ն նախօրեին կայացած նիստում որոշում է կայացրել դադարեցնել ԱԺ աշխատանքների բոյկոտը: Ուշադրության է արժանի նաև «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը քննարկվելու է առաջին և երկրորդ ընթերցմամբ: Այս նախագծի ընդունման շտապողականությունը ևս մի շարք հարցականներ է առաջ քաշում, նաև դիտարկումներ, որ այս ամենը հենց այնպես չէ, որ արվում է ու մանավանդ քաղաքական ներկա իրավիճակի խճանկարում որոշ «ծակեր» այսպիսով փորձում են փակել (ընդդիմության որոշ հատվածի կամ անհատների բերանը հատկապես) :
Դե, ամոթ չէ այս մասին բարձրաձայնել ու նշել, որ քննարկումների ու քննադատության թիրախում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, հակառակը` ամոթ է չխոսել այդ մասին ու շարունակել մտածել, որ այն անձը, ով Ազատության հրապարակում կոչ է անում իշխանափոխություն անել, այդ նույն իշխանություններից այսքան արտոնություններ ու «շքեղ» ընծաներ է ստանում: Բացի այս, կարևոր է հիշել, թե ԵՐԲ առաջին անգամ խոսվեց այն մասին, որ Կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալու (բավականին բարձր կենսաթոշակ, ցմահ գրասենյակ, պետական բյուջեի հաշվին արձակուրդ և այլն):
Այդ հանգամանքը ամեն ինչ տեղն է գցում, քանի որ հիշյալ նախագծի մասին քննարկումից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցավ ՀՀԿ Խորհրդի նիստը ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրային ելույթը նվիրեց Գագիկ Ծառուկյանին:
Ավելորդ է հիշեցնել, որ Ծառուկյանը, նախ, ԱԺ ոչ իշխանական եռյակի առաջնորդն էր բոլոր իմաստներով` և՛ ֆինանսական, և՛ գաղափարական ու նաև, թե ինչ եղավ այդ օրվանից հետո ու որտեղ է հիմա եռյակը: Այնպես որ ակնկալենք, որ այս հարցի քննարկումը բավականին հետաքրքիր բանավեճի առիթ կհանդիսանա:
Հաշվի առնելով բոլոր այն նախագծերը, որոնք ներառված են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, կանխատեսենք, որ նիստը մի քանի օր կտևի: