03/03/2015 11:30
Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել
Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմը դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում ճանաչվել է մեղսունակ, Ե. Սարգսյանը ասաց.
«Պաշտոնական նման տեղեկություն չունեմ։ Հայկական կողմը նման փորձաքննություն չի նշանակել։ Խոսքը ռուսական գործի մասին է, որի շրջանակներում է ըստ տեղեկությունների այդ եզրակացությունը ստացվել։ Ես նույնպես նման տեղեկություններ ունեմ, բայց ոչ պաշտոնապես»:
Հիշեցնենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն: