03/03/2015 19:34
Եվրատեսիլի մասնակիցը՝ Արաքս Մանսուրյանին. Շնորհակալություն, որ իրականացրիք երազանքս
«Genealogy» խմբի հինգերորդ մասնակից, Ավստրալիա աշխարհամասը ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը ճանաչված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի սանն է, ով և ներկայացրել է Մերի-Ջինի թեկնածությունը:
«Հայերն այսօրի» հետ զրույցում Արաքս Մանսուրյանը պատմեց հետևյալը.
«2006 թվականին ինձ զանգեց Մերի-Ջինի մայրը, պատմեց իր աղջկա մասին, ով այն ժամանակ Կարոլինայի համալսարանում էր սովորում և ասաց, որ շատ է ցանկանում, որպեսզի աշակերտի ինձ: Ես համաձայնեցի և Մերի-Ջինը եկավ Ավստրալիա: Ինձ զարմացրեց այն, որ նա շատ տաղանդավոր էր և երգեցողության հանդեպ «քաղց» ուներ: Պարապում էինք շաբաթը 2-3 անգամ: Երկու տարի հետո` 2008 թվականին մրցանակ շահեց և գնաց Անգլիա ուսանելու: Մերի-Ջինը Քարդիֆի միջազգային ակադեմիայում սովորել է Դենիս Օ’Նեյլի գլխավորությամբ, ում հետ ես երգել եմ:
Հիմա մեր համագործակցությունը շարունակվում է skype-ով: Հավատում եմ, որ Հայաստանում ճակատս պարզ պետք է լինի, երբ նա մեր երկիրը կներկայացնի եվրատեսիլյան պատասխանատու մրցույթին»:
Իսկ Մերի-Ջինի հայերենի իմացության մասին Արաքս Մանսուրյանն ասաց.
«Ցավոք, միայն մի քանի հայերեն բառ գիտի: Սովորել ենք Կոմիտասի «Քելե, քելեն», որը անչափ գեղեցիկ է երգում:
Իսկ այսօր շատ հուզված Հայաստանից զանգեց ու արտասվելով պատմեց, թե ինչ զգացողություններ է ունեցել, երբ այցելել է Կոմիտասի թանգարան: Նա ինձ հետևյալն ասաց. «Երբ այսօր ծանոթացա Կոմիտասին, տեսա նրա նոտաները, ձեռագրերը, հասկացա նրա մեծությունը, երաժշտության խորությունը: Ինձ անչափ երջանիկ եմ զգում, որ կարողացա իրականացնել երազանքս ու հիմա Հայաստանում եմ: Շնորհակալ եմ, որ իրականացրիք երազանքս:»
Գիտեք, շատ հուզված էր, անչափ տպավորված: Իսկ ես հիանում եմ, որ Հայաստանում չապրելով, այդքան հայեցի ոգի ունի: Ծանոթ է իր անցյալին, իր նախնիների պատմությանը: Ու այդ ամենը պատմում էր ինձ դեռ տարիներ առաջ: Իսկ ես մտածում էի` հայերեն չգիտեի, բայց գիտի իր պատմությունը:
Եվ այսօր, երբ զգացի, թե ինչպիսի հուզմունքով էր ինձ հետ խոսում, ասացի, որ ափսոսում եմ, որ քեզ հետ հայերեն չեմ խոսել: Իսկ նա հարցրեց` կարո՞ղ եք պարապել, ասացի` սիրով: Հիմա, ամեն դասի ժամանակ պետք է նաև մի քանի հայերեն բառ սովորենք…»:
Նախորդող հրապարակում՝ «Genealogy» խմբի 5-րդ մասնակիցը Ավստրալիայից Մերի -Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է