03/03/2015 17:24
Լ. Սարգսյան. Եթե վարչապետի ինստիտուտն ավելի առաջնային դառնա, ի՞նչ մոտեցում է դրսևորվելու նախագահի ինստիտուտի դեպքում
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահների վարձատրության, անվտանգության և ապահովության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել:
Քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հապշտապությունը, որին ի պատասխան հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը արձագանքեց, որ շուտով կլրանա ՀՀ առաջաին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը, իսկ օրենքը ենթադրում է, որ այս օրենքից կարող են օգտվել այն նախագահները, որոնց 70 տարին դեռ չի լրացել:
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին ու նախագահի ինստիտուտի հաստատմանը:
«Եթե կառավարման համակարգը փոփոխվում է, ապա ի՞նչ մոտեցում է լինելու այդ դեպքում նախագահի ինստիտուտի նկատմամբ»,- հարցրեց նա՝ շարունակելով, որ եթե վարչապետի ինստիտուտը շատ ավելի առաջնային դառնա, ի՞նչ կլինի նախագահի ինստիտուտի դեպքում:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում կքննարկվեն բոլոր խնդիրները, որոնք կապված են նաև սրա հետ, իսկ առարկայական նոր կառավարման համակարգը, որը կձևավորվի Հայաստանի քաղաքական ուժերի կոնսեսուսի շնորհիվ, ապա ենթադրելի է, որ սա ևս մայր օրենք է համարվում, որտեղ կլինեն համապատասխան նոր փոփոխություններ:
«Մենք դեռ կունենանք ժամանակ անհրաժեշտ փոփոխությունները քննարկել ու մշակել նոր օրենսդրական փաթեթ: Այս պահին ներկայացված նախագիծը լիովին ժամանակին ու տեղին է»,- ասաց նախարարը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին չհամաձայնեց այս տեսակետի հետ: Նա գտնում է, որ այսօր կարելի էր ավելի լավ պայմաններ ստեղծել իսկապես սոցիալապես անապահով խավի համար: Նա հայտարարեց, որ այդ գումարով կարելի կլիներ բարձրացնել առանց այդ էլ ցածր, կենսաթոշակները, որի կարիքը ունեն ոչ թե երկրի նախկին նախագահները, այլ՝թոշակառուները: