03/03/2015 09:55
ՀՀԿ-ի՝ առաջիկայում բացվելիք հեռուստաալիքը կընդունի «Կենտրոն» ՀԸ-ից օրերս հեռացված որոշ լրագրողների
Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է։ Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի և այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել նաև հեռուստաընկերության անվանումը և որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ «Արարատ»։
«Հրապարակի» տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են գնում։ Նրանք հիմնականում երիտասարդներ են, ՀՀԿ հեռուստաընկերության շարքերն են համալրել նաև ԲՀԿ-ի «Կենտրոն» ՀԸ-ից օրերս կամայականորեն հեռացված որոշ լրագրողները։
«Հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, մասնավորապես այն տարածքում, որտեղ սովորաբար ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը բրիֆինգ է տալիս ՀՀԿ նիստերից հետո։ «Հրապարակի» աղբյուրները հայտնել են նաև, որ «Արարատի» աշխատակիցների համար նոր տեխնիկա է գնվել, իսկ որոշ մասով էլ նրանք կօգտվեն «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկայից։ Հեռուստաընկերության գործունեության պատասխանատվությունը դրված է Արման Թերջանյանի վրա, ով եղել է «Արմնյուզի» գործադիր տնօրենը։
ՀՀԿ-ականները մտադիր են նոր հեռուստաընկերությունում շեշտադրումը դնել պատմամշակութային, գաղափարական, ժողովրդական, ազգային հաղորդումների վրա։ Առաջիկայում ուշադրության կենտրոնում կլինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները։ Ապագայում, իհարկե, կլինեն նաև քաղաքական հաղորդումներ, թոք-շոուներ, «Արարատը» կօգտագործեն ընտրություններին ընդառաջ և դրանից հետո»,- գրել է թերթը։