03/03/2015 17:07
Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը իր 14 հոգանոց ընտանիքով հայտնվել է փողոցում
ՀԳՄ անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանն իր ընտանիքի 14 անդամներով, որոնց թվում՝ վեց անչափահաս թոռներով, հաշմանդամ որդու ու հիվանդ տիկնոջ հետ հայտնվել է փողոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Առինջ գյուղում գտնվող տունը, որտեղ նա իր ընտանիքի հետ բնակվել է 2001 թվականից, կիսաքանդ վիճակում անհատույց հիմունքներով իրեն է տրամադրել Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանը, ով մահացել է:
Բանաստեղծը ասաց, որ ինքը միայն 2-3 տարի ժամանակ է խնդրում, որպեսզի իր տղաները աշխատեն և կարողանան գնել այդ տունը:
«2006 թ. նշյալ տարածքը ինչ-որ տարաձայնությունների պատճառով հայտնվեց անորոշ կախվածության մեջ և այդ ժամանակ Արտաշես Սարգսյանը մեզ ասաց, որ տարածքը գտնվում է վիճարկելի հանգամանքների տիրույթում, և եթե կարող ենք, մեր ունեցածը պահպանենք: Մենք վճարեցինք որոշ շինանյութերի համար և այն պահպանեցինք, իսկ տարածքի մնացած շինությունները քանդվեցին և վաճառեցին: 2013թ. աշնանը հանկարծակի մահացավ Արտաշես Սարգսյանը, իսկ մեկ տարի անց մեզ այցելեց նրա այրին՝ Մանուշակ Սարգսյանը, որի անունով է տասնյակ հեկտարանոց տարածքի ՍՊԸ-ն և պահանջեց ազատել մեր զբաղեցրած տարածքը կարճ ժամանակում»,-ասաց նա:
Հովհ. Ղազարյանի խոսքով՝ այժմ ինքը գումար չունի, որ այդ տունը կարողանա գնի, և ընտանիքի հետ տեղ չունի գնալու:
Նա ասաց, որ սա երկրորդ տունն է, որը ինքն ու իր ընտանիքը կորցնում են և հայտնվում փողոցում:
«Իմ առաջին երկհարկանի տունը գտնվում էր գյուղում: 1996թ. մենք որոշեցինք վաճառել այն և տեղափոխվել Երևան: Մեր բարեկամի միջոցով մի գնորդ գտանք և պայմանավորվեցինք, որ գնորդը տան գումարը մաս-մաս կվճարի, սակայն նա որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ գումարը վճարելուց և մենք կորցրեցինք մեր տունը: Դրանից հետո դիմեցի դատարան, սակայն երկար ձգվող պրոցեսներից հոգնեցի և այլևս չշարունակեցի»,-ասաց Հովհ. Ղազարյանը: