03/03/2015 17:15
Մանաթը սկսեց «վախի նշույլներ ցույց տալ»
Ադրբեջանի անկախությունից ի վեր, Ալիևի ավազապետական վարչակազմը անկախ ԶԼՄ-ների, քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական հասարկության հետապնդումներով է զբաղվում: Այս ամենով հանդերձ` Ադրբեջանի նախագահ Ալիևը Twitter-ում մինչև վերջերս կարող էր մի բանով պարծենալ` ազգային արժույթի` մանաթի կայունությամբ: Այս մասին գրում է «Global Voices» պարբերականը:
Չկարողանալով դիմակայել նավթի գների անկմանը, Ադրբեջանի Կենտրոնական բանկը անցյալ ամիս մանաթն արժեզրկել է 33.5 % դոլարի և 30 % էլ եվրոյի նկատմամբ:
Մինչ կառավարամետ կայքերը շարունակում էին գրել, որ Ադրբեջանը չի վախենում նավթի մեկ բարելի դիմաց $ 60-ից, մանաթը սկսեց «վախի նշույլներ ցույց տալ»:
2014թ դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Ալիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Նավթի գները կտրուկ անկում են գրանցել: Արդյո՞ք որևէ մեկը դա զգաց Ադրբեջանում: Ոչ ոք էլ դա չի զգա, քանի որ մենք ունենք ուժեղ տնտեսական հիմքեր»:
Ավելին` հունվարին, Ալիևը հայտարարեց, որ արտաքին բիզնեսը շուտով կփոխվի` բոլորը իրենց խնայողությունները կվերածեն մանաթի:
Սակայն փետրվարի 21-ին Ադրբեջանի ԿԲ-ն արժեզրկման մասին հայտարարությամբ հանդես գալով, նշել էր, որ դա անհրաժեշտ է տնտեսության դիվերսիֆիկացման համար:
Այս մոտեցումը, ամենայն հավանականությամբ, անհասկանալի է շատ ադրբեջանցիների համար: Շատերը զգացին «սեփական մաշկի» վրա, թե ինչպես է արժեզրկումն ազդել իրենց կյանքի վրա:
Թոշակառուները կորցրել են կենսաթոշակի մոտ 10%-ը: Պարենային ապրանքների գները բարձրանում են: Այս ամենին կարող է հաջորդել մթերային ապրանքների սակավությունը, քանի որ տնտեսական անորոշության նոր մթնոլորտում մարդիկ այլ կերպ են նայում մթերքներ կուտակելու հարցին: Շատերը շտապում են դոլար գնել, եթե նրանք կարող են գտնել այն:
Հետաքրքիր է, որ Ալիևի «լեգենդար» Twitter-ը այս ամենի մասին ոչ մի բառ չի «արտաբերում»:
Միգուցե մանաթն այսքան տարիների կաշառակերության և անհիմն ծախսերի ականատես լինելով, վերջապես վախեցե՞լ է»,-գրում է պարբերականը:
Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) իր հանրահավաքը նշանակել է մարտի 15-ին` «Վե՛րջ թալանին» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները բողոքելու են իշխանությունների տնտեսական քաղաքականության, մանաթի կտրուկ արժեզրկման հետևանքով գնաճի դեմ: Նիստի ժամանակ ընդգծվել է, որ երկրի տնտեսական միակողմանի զարգացման, նավթային եկամուտների անարդյունավետ օգտագործման, մանաթի կտրուկ արժեզրկման և գնաճի հետևանքով երկիրը թևակոխել է տնտեսական անկման փուլ: