03/03/2015 12:25
Արտահանման մոնոպոլիզացիա՞. ԱԺ-ն ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նստը մեկնարկեց ընդդիմության դժգոհությամբ: «Շահութահարկի մասին» օրենքի քվեարկությանն ընդառաջ, որից հետո նախագիծը պետք է քննարկվի նաև արագացված ռեժիմով երկրորդ ընթերցմամբ, ընդդիմադիրները կրկին հայտարարեցին, թե որքան վտանգավոր է այս նախագիծը:
«ՀԱԿ-ը կրկին հայտարարում է, որ սա ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանը ուղղված նախագիծ է: Կոչ ենք անում, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են այս օրենքով և վերանայեն իրենց մոտեցումը»,- իր խոսքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու նախագծին: Համանուն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց, որ ԲՀԿ-ն հասկանալի պատճառներով չի հասցրել ամենայն ուշադրությամբ անդրադառնալ օրենքին, այնպես որ իրենք կքվեարկեն ձեռնպահ:
Խաչատուր Քոքոբելյանի ելույթից էլ պարզ դարձավ, որ նա կիսում է ՀԱԿ-ի կարծիքը.
«Oրենքն այս տեսքով ճանապարհ է դեպի արտահանման մոնոպոլիզացիա»,- հայտարարեց նա:
Սակայն կողմ ՝ 68, դեմ՝ 11, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ: