03/03/2015 17:55
Շարմազանով. ԵԺԿ ընդունած Ցեղասպանության բանաձևը կարող է նախադեպ լինել
Իսկապես պետք է ընդունել, որ սա պատմական կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԵԺԿ-ի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայոց ցեղասպանության մասին ԵԺԿ-ի կողմից ընդունված բանաձևն, իրոք, աննախադեպ է: Սա աննախադեպ ու պատմական փաստ է, որին հասել ենք համատեղ»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նա:
Նրա խոսքով՝ սա փաստում է այն մասին, որ ԵԺԿ-ն, լինելով շատ կարևոր քաղաքական ուժ, դատապարտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև՝ հայրենազրկումը: «Դա նշանակում է, որ ԵԺԿ-ն ընդունում է, որ 1894-24 թվականներին է տեղի ունեցել Ցեղասպանություն, որը կատարվել է Աբդուլ Համիդի օրոք և շարունակվել Կիլիկյան Հայաստանում, այնուհետև՝ Օսմանյան Թուրքիայում: Եվ շատ կարևոր է, որ այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ նույնքան դատապարտելի է հատկապես Ցեղասպանության ժխտողականությունը, որը հետևողական հանցագործություն է համարվում»,- ասաց պատգամավորը:
Շարմազանովը կարևորեց նաև այն փաստը, որ բանաձևում ընդգրկվել է այն, որ Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագաղթվել, բռնաճնշվել ու ոչնչացվել են հույներն ու ասորիները, ովքեր ապրում էին Օսմանյան Թուրքիայում, հենց այդ ժամանակաշրջանում:
Պատգամավորը շեշտեց, որ ԵԺԿ-ն այդ փաստաթուղթով կոչ է անում ոչ միայն ներկայիս Թուրքիային, այլև Եվրոպայի մյուս ղեկավար կառույցներին՝ ԵԽ ու ԵՄ ևս ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը:
Նրա խոսքով՝ ուշագրավն ու հատկանշականն այստեղ այն է, որ այս բանաձևի ընդունմանը նպաստել են ՀՀ խորհրդարանական 3 ուժերը, որին հասել են համատեղ ջանքերով: «Ժառանգություն, ՕԵԿ և ՀՀԿ, ինչը ևս պակաս կարևոր ու ոգևորիչ չէ: Խորհրդարանական այս բոլոր ուժերը միասնական աշխատանք կատարեցին, որի արդյունքում հասան նման կարևորագույն բանաձևի ընդունման: Կարծում եմ, որ սա նոր պայքարի սկիզբ կլինի, որին կհաջորդեն այլ բանաձևեր, որոնք կլինեն ոչ պակաս կարևոր, քան սա»,- ասաց նա:
Է. Շարմազանովը շեշտեց, որ չի բացառվում՝ այս բանաձևը նախադեպ լինի նաև Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ բանաձևի ընդունման համար: «Այո, ակնկալիք կա և շատ հավանական է, որ Ֆրանսիան ընդունի ժխտողականության դեմ այդ բանաձևը: Այս ուղղությամբ ևս մենք իրականացնում ենք աշխատանքներ, բայց քանի որ սա շատ նուրբ հարց է, պետք է նուրբ մոտեցում ցուցաբերել: Պետք չէ մոռանալ, որ մենք գործ ունենք միլիոնանոց բանակ ունեցող և աշխարհի թվով 16-րդ խոշոր տնտեսությունը ունեցող Թուրքիայի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է ճիշտ և զուսպ, բայց արդյունավետ աշխատանքը:
Փոխխոսնակն ընդգծեց նաև, որ ԵԺԿ-ի կողմից ընդունած բանաձևում կան այնպիսի եզրույթներ, որոնք տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին համահայկական հռչակագրում: «Հիմնական ազդակներն ու ձևակերպումները զետեղված են եղել բոլորովին վերջերս ընդունած համահայկական հռչակագրում, ինչը ևս աննախադեպ փաստ է: Սա իսկապես ողջ հայության հաղթանակն է, որ Եվրոպայի ամենախոշոր քաղաքական կառույցը նման բանաձև է ընդունել, քանի որ սա միայն մեր աշխատանքը չի եղել. սա 3 քաղաքական ուժերի միասնական աշխատանքի արդյունքն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ համահայկական ու ազգային խնդիրներում բոլորը ուժերը կարողանում են համախմբվել ու միասնական լինել: Շատ կարևոր է ցանկացած Եվրոպական քաղաքական կառույցի դրական որոշում այս ուղղությամբ: Կարծում եմ, որ սրան կհետևի ավելի ակտիվ պայքար: Կարևորը սառույցը տեղից շարժվում է»,- եզրափակեց նա: