03/03/2015 12:40
Տ. Ուրիխանյան. Մենք «կնիկ» չենք անվանում մեր գործընկերներին
«ԲՀԿ քաղաքական թիմը ունի այլ ձևակերպումներ, նման կերպով հնչեցված մտքեր մեզ համար ընդունելի չեն: Նախ, մենք «կնիկ» չենք անվանում մեր գործընկերներին, այլ հավուր պատշաճի անվանում ենք կանայք և մեր կին գործընկերն էլ ոչնչով մեզանից պակաս չեն, որպեսզի իրենց կարծիքը, դիրքորոշումը հարգվի ճիշտ այնպես, ինչպես մյուսներինը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարցազրույցը, որում նա, արձագանքելով հարցին, թե շրջանառվում են լուրեր, որ նա պատրստվում է լքել ԲՀԿ-ն ու գուցե նաև այն պատճառով, որ ԲՀԿ ղեկավարի հավանական թեկնածուն է համարվում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:
Ըստ Տ. Ուրիխանյանի՝ այլ կերպ, այլ գործելակերպ բացի միասնաբար որոշումների կայացումից, միասնական դիրքորոշումներից, փոխադարձ հարգանքից ու վստահությունից ԲՀԿ-ում լինել չի կարող.
«Դա ես ձեզ ասում եմ որպես մարդ, որն առնվազն իր որոշումների շրջանակներում այլ տարբերակ թույլ չի տալու»,- նշեց նա:
Հարցին,թե ինքը տեղյակ է Ա. Մանուկյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումից, քանի որ նշվում է, որ Ա. Մանուկյանն իր այդ մտադրության մասին հայտնել է մտերիմների շրջանակում, Տ. Ուրիխանյանն ասաց, որ նման մտադրությունից տեղյակ չի, իսկ բացի այդ՝ իրեն իրավասու չի համարում խոսելու առանձին անհատների անունից կամ նրանց որոշումներից ու գործողություններից: