03/03/2015 15:16
Առողջապահական սոցփաթեթի հիմնական փոփոխությունները
Սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների շրջանակներում 2014 թ.-ի մարտի 27-ի և դեկտեմբերի 25-ի կատարված փոփոխությունները, կարծես թե լայնորեն չեն քննարկվում և ներկայացվում հանրությանը: Համառոտ ներկայացնենք այն հիմնական կետերը, որոնք բնութագրում են սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունները և վերջին փոփոխությունները՝
1. Բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը ներառում է. հիվանդանոցային բժշկական օգնություն՝ թերապևտիկ և վիրաբուժական, այդ թվում նյարդավիրաբուժական և սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների, ինչպես նաև վնասվածքների հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում:
2. Բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցման բացառություներից են՝ տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների բուժումը, ստոմատոլոգիական ծառայությունները, պրոտեզավորումը, ֆիզիոթերապեվտիկ բուժումը, ոչ վիրահատական միջամտություն պահանջող քրոնիկ հիվանդությունները՝ ինչպես օրինակ պարբերական հիվանդությունը, էպիլեպսիան, շաքարային դիաբետը, թոքերի էմֆիզեման և այլ հիվանդություններ:
3. Սոցիալական փաթեթի շահառուները հնարավորություն են ստանում արտահիվանդանոցային բուժման դեպքում համավճարային սկզբունքով օգտվել մի քանի հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: Մասնավորապես, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիան, որը ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը համավճարի դեպքում կկազմի 30 000 դրամ, առանց կոնտրաստ նյութի արժեքի դեպքում՝ 15 000 դրամ, համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիան կկազմի 7000 դրամ: Կորոնարոանգիոգրաֆիա կկազմի 45000 դրամ, իսկ գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիան կկազմի 90 000 դրամ և այլն:
4. Շատ կարևոր է, որ հնարավորություն է ընձեռնվում սոցիալական փաթեթի 72 000 դրամը ուղղել նաև ապահովագրական ընկերություններ, առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռք բերման համար: Սա, կարող է ապահովագրական ընկերությունների զարգացման համար, նոր խթան լինել, որոնք տուժել էին սոցիալական փաթեթում առողջապահական ծառայությունների իրականացման նախկին կարգը փոփոխելու արդյունքում:
5. Սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթում ընդգրկվում են՝ արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, մասնավորապես մասնագիտական բժշկական խորհրդատվությունները և զննումները, համավճարային եղանակով իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցումը, ամբուլատոր բուժման ընթացքում դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, ստոմատոլոգիական և այլ բնույթի ծառայությունները:
6. Ներդրվում է սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համակարգը, որի տարեկան արժեքը 8000 դրամ է: Տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները՝ արյան ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզայի և խոլեստերինի որոշումը, էլեկտրասրտագրությունը, ուլտրաձայնային սրտագրությունը, ֆլյուրոգրաֆիան, PSA տեստը տղամարդկանց համար, PAP տեստ կանանց համար և թերապեվտի, ուռոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություններ: Նշենք, որ 132 հազար դրամից 52 հազար դրամը տրամադրվում է առողջապահական փաթեթին, իսկ 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72 հազար դրամը` սոցիալական փաթեթի այլ ծառայություններին:
7. Ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը: