03/03/2015 16:45
Հարց Զարուհի Փոստանջյանից. Ուզում եք Ռոբերտ Քոչարյանին թոշակի ուղարկե՞լ
Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրվեց ՀՀ պաշտոնաթող նախագահի վարձատրության և անվտանգության սպասարկման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նածագծի հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց.
«Այդ երկու պաշտոնաթող մարդկանց (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին-խմբ) տրամարդում եք այս կենսաթոշակը, բայց արդյոք նրանք ունե՞ն դրա կարիքը: Չեմ հավատում, որ նրանք ունեն դրա կարիքը, քանի որ այսօր Հայաստանում կան առավել կարիքավորներ, քան նրանք են»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ ՀՀ նախկին երկու նախագահներն էլ այսօր բարեկեցիկ կյանքով են ապրում:
Զ. Փոստանջյանը հետաքրքրվեց նաև, թե ինչն է պատճառը, որ այդ հարցն արտահերթ նիստում են քննարկում: «Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ուզում եք այս մարդկանց թոշակի ուղարկե՞լ, և մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինձ հետաքրքրում է նաև, թե որքա՞ն է կազմելու այդ նախագահների թոշակը, մասնավորապես դրամով»,- հայտաարարեց Փոստանջյանը, որին ի պատասխան նախարարն արձագանքեց.
«Այս օրենքը գործում է 1995-96 թվականից: Այս ընթացքում մենք երկու պաշտոնաթող նախագահներին շարունակելու ենք վճարել հատուկ կենսաթոշակ»,- պատասխանեց նախարարը՝ ընդգծելով, որ այստեղ բարեկեցիկ լինել-չլինելու խնդիր չկա:
Շարունակելով խոսքը՝ նախարարն ասաց, որ բարեկեցիկ ապրելու համար երկրում գործում է անապահովության գնահատման ապարատ, իսկ սա ընդամենն աջակցություն է, որն ընդհանրապես կապ չունի սոցիալական ծրագրերի հետ:
«Այս նախագիծը սահմանված է հատուկ նախագահի ինստիտուտի ու դրա կայացման համար, որն ամբողջ աշխարհում ընդունված է»,- հավելեց նա:
Զ. Փոստանջյանն էլ իր հերթին հակադարձեց, որ ինքը չլսեց, թե որքան է կազմում մինչ օրս վճարված գումարը, և որքան է կազմելու այն հետագայում:
«Ուզում եմ իմանալ նաև՝ արդյոք այդ նախագահներից չի՞ եղել դիմում, որ հրաժարվում են, թե՞ նրանք ենք դիմել այդ խնդրով»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարարը պատասխանեց, որ դիմումներ չեն եղել, իսկ նախագահները չեն դիմել այս հարցով: Ինչ վերաբերում է վճարներին Ա. Ասատրյանը շեշտեց, որ այս պահին ձեռքով չի կարող հաշվել, թե տրամադրվող գումարը որքան է կազմում. «Դա կատարավում է համապատասխան ընթացակարգով»: