03/03/2015 20:00
Օբամա. Իրանը պետք է 10 տարով սահմանափակի միջուկային ոլորտի գործունեությունը
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Վերջնական համաձայնության հասնելու համար Իրանը պետք է տասը տարով սահմանափակի միջուկային ոլորտում իր գործունեությունը»:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Օբամայի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ պարոն Օբամայի հայտարարության նպատակը հասարակության վստահությանն արժանանալն է, սակայն պետք է նշեմ, որ Իրանը մասնակցում է բանակցություններին, որպեսզի կարողանա պաշտպանել միջուկային էներգիային առնչվող Իրանի ժողովրդի իրավունքները: Իրանը երբե՛ք չի ենթարկվի անտրամաբանական և առավելագույն պահանջներ ներկայացնող հակառակ կողմին»:
Հավելենք, որ նախօրեին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Մենք մեր ջանքերը գործադրում ենք այնքան, որքան որ կարող ենք, սակայն Միացյալ Նահանգները և մյուս երկրները պետք է հասկանան, որ միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար պատժամիջոցները պետք է ամբողջովին չեղյալ հայտարարվեն: Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից»:
Օրերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել էր. «Իհարկե, այդ խնդիրն ամերիկացիները ստեղծեցին և եթե ԱՄՆ-ն չլիներ, 2004թ. Իրանը Եվրոպայի հետ միջուկային խնդրի հարցում ձեռք կբերեր համաձայնություն: Եթե եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարներն այն ժամանակ չէին խոստովում, որ ամերիկացիներն են մեղավոր համաձայնություն չկայանալու համար, ապա ներկայում նրանք խոստովանում են դա»: